Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ազատության» հետ զրույցում մատնանշեց երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմերը:
«Եթե խոսենք դրական արդյունքների մասին, դրական ազդակ կարելի է համարել այն, որ հայտարարության մեջ նշվում է գոհունակության մասին՝ այս հրադադարի պահպանման, և կարող ենք հուսալ, որ այն պայմանավորվածության շրջանակում, որ հանդիպումները պետք է շարունակվեն նման ֆորմատով, առաջիկայում այդ հրադադարը կարող է պահպանվել, շարունակվել՝ գոնե առաջիկա մեկ-երկու-երեք ամիսների ընթացքում: Սա դրական սպասումի տեղ թողնում է», - ասաց Բադալյանը:
Բայց ընդհանուր առմամբ, շարունակեց վերլուծաբանը, «հայտարարությունն, իհարկե, բավական հարաբերական է, բավական զերծ է կոնկրետ առարկայական նշագրումներից»․ - «Խոսվում է ԵԱՀԿ-ի դիտորդների քանակի ավելացման մասին, սակայն չկա որևէ ժամանակացույց՝ ինչ ժամանակացույցով, ինչ ժամկետներում, ինչ լիազորություններով և այլն, այս բոլոր հարցերը ոնց որ թե շատ անորոշ են դեռևս մնում: Բացի դրանից, խոսք չկա հրադադարի մեխանիզմի, սարքավորումների տեղադրման մասին, որոնք պետք է արձանագրեն հրադադարի խախտումները, ենթադրաբար՝ նաև սահմանեն պատասխանատվություն այդ խախտումների համար»:
«Այսինքն, այս առումով, իհարկե, հարցերը շարունակում են մնալ, և հայտարարությունը երեք նախագահների այս հարցերից որևէ մեկին հստակ պատասխան չի տալիս: Իսկ քանի դեռ այս հարցերը չունեն հստակ պատասխան, ցանկացած պահի պատերազմական էսկալացիայի, հրադադարի խախտման, անպատիժ խախտման վտանգները շարունակում են լինել, հատկապես երբ մենք գիտենք, որ Ադրբեջանը այդ առումով որևէ պայմանավորվածության հանդեպ որևէ պատասխանատու վերաբերմունք չի ունեցել երբեք», - ընդգծեց Բադալյանը:
«Ի վերջո, եթե չկա պատասխանատվության խնդիր, եթե բանավոր պայմանավորվածությունների շրջանակում է մնում չկրակելը կամ չհարձակվելը, հրադադարը չխախտելը, ապա այստեղ ամեն ինչ արդեն կախված է լինում քաղաքական իրավիճակից, և շատ մեծ հավանականությամբ կարող ենք ասել, որ Ադրբեջանը ընդամենը ապրիլյան պատերազմից հետո փորձում է ժամանակ շահել, ժամանակ ձգել, մինչև որ կստեղծվի նոր ագրեսիայի հնարավորություն, նոր ագրեսիայի քաղաքական նախադրյալներ կառաջանան», - ասաց վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ «Ադրբեջանը հենց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից առաջ հայտարարեց բավական ծավալուն զորավարժությունների մասին՝ թե՛ Նախիջևանում, թե՛ Արցախի սահմանին»:
«Եվ այս հանգամանքները, իհարկե, շարունակում են ավելի շատ առարկայական պահել ոչ թե խաղաղության, կայունության կամ հրադադարի հեռանկարը, այլ ավելի շատ ադրբեջանական նոր ագրեսիայի հեռանկարը», - ամփոփեց Հակոբ Բադալյանը: