Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ոստիկանության Երևանի վարչության Մալաթիայի բաժնի ծառայողը, առանց անձի համաձայնության, սոցիալական կայքերի միջոցով ապօրինի տարածել է օրենքով չնախատեսված, անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ և պոռնկագրական բնույթի նյութեր:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Սաշիկ Ա.-ն, 2014թ. օգոստոսի սկզբներին ծանոթանալով և տևական ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014 թվականի հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից և նրան վարկաբեկել մտերիմների, ազգականների և այլ անձանց շրջանում: Այդ նպատակով 2014թ. նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 3-ին, առանց Աննա Մ.-ի համաձայնության, «www.odnoklassniki.ru» և «www.facebook.com» սոցիալական կայքերում, նրա անվամբ իր կողմից ստեղծված անհատական կայքէջերում տեղադրել է Աննա Մ.-ի լուսանկարները, անձնական գաղտնիք համարվող՝ նրա բնակավայրի հասցեն և հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել ու հիշյալ կայքէջերում տեղադրել է այլ անձանց մի շարք պոռնկագրական բնույթի լուսանկարներ: Այնուհետև Սաշիկ Ա.-ն հիշյալ անհատական կայքէջերից այցելել է Աննա Մ.-ի և այլ օգտատերերի ինտերնետային էջերին, արել է ընկերության առաջարկներ՝ այդ կերպ տարածելով նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունները, ինչպես նաև պոռնկագրական բնույթի լուսանկարները», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:
Սաշիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), և 263-րդ հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասով:
ՀՔԾ-ում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: