«Ոսկե Ծիրան»-ի շրջանակում «Կորիզ» փառատոնն այս տարի չի կայանա

«Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյան, արխիվ

Հարություն Խաչատրյանի փոխանցմամբ, այդ փառատոնը հավանաբար մյուս տարվանից կսկսվի Դիլիջանում։

Մոտ վեց տարի առաջ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում բացվեց «Կորիզ» ծրագիրը, որը նախատեսված էր միայն երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի ցուցադրության համար։

Ծրագիրը բավական աշխուժություն մտցրեց երիտասարդ կինոգործիչների շրջանակներում, քանի որ այդ ծրագրի սահմաններում երիտասարդները հնարավորություն ստացան ցուցադրել իրենց աշխատանքները առավել լայն հասարակությանը։

Բայց այս տարի հուլիսի 10-ից մեկնարկող «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսված չէ «Կորիզ» երիտասարդական ֆիլմերի փառատոնը։

«Կորիզ»-ը առանձնացրել դարձրել ենք առանձին մի փառատոն, երիտասարդները անեն։ Երիտասարդները շատ ոգևորված էին, և փնտրեցին հովանավորներ, փնտրեցին Դիլիջանում, որպեսզի փառատոնը հիմնականում Դիլիջանում լինի, բայց կարծեմ նախապատրաստվելու համար ևս մեկ տարի է պետք, որպեսզի կարողանան ուժ հավաքեն, որովհետև, գիտեք, շատ դժվար է հիմա նոր հովանավորներ, նոր մշակույթի նվիրված մարդիկ կամ ընկերություններ գտնել, որոնք համարձակվեն մի մեծ փառատոն բացել Դիլիջանում։ Բայց կան թեկնածուներ, կան մարդիկ, որոնք ոգևորված են, որոնք Դիլիջանի հետ կապված մեծ հույսեր ունեն, և, կարծում ենք, որ այդ փառատոնը մյուս տարվանից կսկսվի Դիլիջանում», - ասաց «Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով, այս տարի «Կորիզ»-ի փոխարեն նախատեսել են «Հայկական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում երկու հայ ռեժիսորների ֆիլմերի պրեմիերաներն անցկացնել ամենայն պատշաճությամբ՝ մամուլի ասուլիսներով, երաժշտությամբ, կարմիր գորգով, ելույթներով և այլն։ Այդ կերպ կներկայացվեն Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» և Աննա Արևշատյանի «Բարի լույս» խաղարկային լիամետրաժ ֆիլմերը։

«Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահի համոզմամբ՝ «Կորիզ» երիտասարդական փառատոնն, իհարկե, «Ոսկե Ծիրան»-ի ձեռքբերումներից է, բայց փառատոնի ամենակարևոր ձեռքբերումներն են. - «Եթե մենք անկախությունը սկսեցինք ֆիլմ, կինոստուդիա և ծրագիր չունենալով, մենք 21-ամյակին հասել ենք բազմաթիվ ֆիլմերով և բազմաթիվ մեծ մասնակցությամբ հայ ռեժիսորների և հայկական ֆիլմերի, դա՝ մեկ։ Աշխարհին մենք ցույց տվեցինք, որ կա այդպիսի հասցե՝ Հայաստան, որը կինեմատոգրաֆիկ հասցե է և բարձր մակարդակի հասցե է՝ երկուս, և երրորդը՝ աշխարհի բոլոր հայ ռեժիսորներին կապեցինք Հայաստանի հետ, և ստեղծվեց դպրոց, որ ձեռքից ձեռք սկսեցին խլել երիտասարդներին, որոնք ավելի շնորհքով են, թեկուզ մի քիչ քիչ է, և պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել երիտասարդներին, և պետք է առանձին ծրագիր անել: Տիկին նախարարն [մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը] ինձ հետ համաձայնեց, որ պետք է առանձին լուրջ ծրագիր անել՝ երիտասարդ ռեժիսորներին առաջ քաշելու և ֆիլմեր տալու համար։ Համաձայնությունը կա։ Ծերերը լավ են նկարում, բայց առաջ գնալու՝ իրենց համար էլ տեղ չկա, թող մի քիչ էլ երիտասարդները առաջ գնան»։