Ապրիլյան քառօրյա պատերազմը ազդել է «Դիջիթեք» ամենամյա բիզնես ֆորումի օրակարգի վրա: Ֆորումի այսօրվա քննարկումների մեծ մասը նվիրված էր ռազմարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների համագործակցության նոր ձևաչափերի որոնումներին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասում է՝ ներուժը մեծ է, տեխնոլոգիական լուծումներն էլ կարող են կիրառվել ոչ միայն ներքին շուկայում: «Մինչ այդ մենք հիմնականում շեշտադրում էինք էլեկտրոնային կառավարման բնագավառը, բայց ապրիլյան պատերազմն ավելի ընդգծեց, որ պետք է նաև ռազմարդյունաբերության ոլորտում տեխնոլոգիական ձեռքբերումներն օգտագործել»,- նշեց Վարդանյանը:
Նրա կարծիքով, մինչ մասնագետներն իրադարձություններին բավական արագ են արձագանքում, լուծումներ առաջարկում, օրինակ՝ հայկական արտադրության ջերմազգայուն սարքերի, սեփական անօդաչուների, գաղտնագրված կապի կամ պաշտպանական միջոցների մշակման տեսքով, կառավարության արձագանքը դեռ «ադեկվատ չէ»: Անգամ այսօր՝ ապրիլյան քառօրյա բախումներից հետո, տեղական արտադրություն սկսելու բազմաթիվ խոչընդոտներ կան, այդ թվում՝ անիմաստ բյուրոկրատական քաշքշուկներ՝ անհրաժեշտ մասերը ներկրելիս: «Կարևորը՝ մենք ինքներս սկզբունքային լիենենք և չթողնենք, որ արհեստական ընթացակարգերը խոչընդոտեն մեր աշխատանքները»,- ասում է Վարդանյանը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Սամվել Աթոյանը խոստանում է՝ վերադասներին կզեկուցեն առաջարկների մասին: «Մեզ որոշակի տեխնոլոգիաներ առաջարկեցին, որոշակի լուծումներ, ֆորմատներ: Դրանք մենք, իհարկե, կզեկուցենք մեր համապատասխան վերադասին, կկայացնենք որոշումներ, թե ինչպես է նպատակահարմար՝ զինված ուժերում կիրառել դրանք․․․ ցանկացած տեխնոլոգիան կիրառելու համար պետք է այն փորձարկել, վերցնել առաջավոր երկրների փորձը, որ չսխալվենք»,- ասաց գնդապետը:
«Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգի հիմնադիր Աշոտ Միրզոյանի խոսքով, բիզնես ֆորումը շատ օգտակար հարթակ է գաղափարներ քննարկելու համար, սակայն հապաղել չի կարելի, «երբ սահմանին գրեթե ամեն օր զինվոր է զոհվում, պետք է գործել»: «Մենք ունենք անօդաչու սարքեր, բայց, ցավոք սրտի, դրանք, կարելի է ասել, ոչ պետական մակարդակով ստեղծվող սարքեր են: Բայց պետք է ստանալ պետական պատվեր, պետական լուրջ մոտեցում է պետք՝ նման հարցերի շուրջ: Բայց, ցավոք սրտի, մենք դեռ մեզ պահում ենք այնպես, ոնց որ եվրոպական ինչ-որ պետություն ենք»,- ասաց Միրզոյանը:
Ռազմական փորձագետ Դավիթ Գրիգորյանն էլ ընդգծեց՝ Հայաստանն այն տարածաշրջանում է, որտեղ օր առաջ պետք է լուծի իր պաշտպանական խնդիրները՝ «Մենք էսպիսի քննարկումներ անելու ենք, մինչև մեր ժողովուրդը իլյուզիաներից դուրս չգա և չհասկանա իրականությունը: Մեր ժողովրդին չեն բացատրում, որ էս տարածաշրջանում ամեն կողմից մեզ թշնամի են»:
Ըստ Կարեն Վարդանյանի, առայժմ նորարարական լուծումներ գտնելու խնդիրը մասնագետների, կազմակերպությունների անձնական նախաձեռնությունների մակարդակով է, սակայն, հարցը կարող է լուծվել հասարակության ճնշման միջոցով՝ «Հասարակությունը պետք է ասի՝ ես հարկ եմ մուծում, իմ զինվորը պետք է սա ունենա, սա ունենա, սա ունենա: Հարկ եմ մուծում՝ իմ բանակը պետք է ունենա ժամանակակից միջոցներ»: