Օտարերկրյա կոռումպացված ղեկավարների հարցով լսումներ՝ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ օրենսդիրներն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քննարկում են գործողությունների շարք, որոնք կարող են նպաստել միջազգային կոռուպցիայի դեմ պայքարի հարցում համագործակցությանը, փոխանցում է «Թուրան» գործակալության ԱՄՆ-ի թղթակիցը:

Մասնավորապես, Ադրբեջանը, Անգոլան, Նիգերիան և մի շարք այլ երկրներ դասվում են այն երկրների ցանկին, որտեղ արմատացած կոռուպցիան և մարդու իրավունքների հետ կապված վատթարացող իրավիճակն առանձնահատուկ մտահոգության տեղիք են տալիս: «Ադրբեջանը շարունակում է լինել մի վայր, որտեղ վտանգավոր է խոսել իշխող վարչակազմի կոռուպցիայի մասին: Դրա համար կարող են ձերբակալել և բանտ նետել հորինված մեղադրանքներով»,- ըստ ադրբեջանական գործակալության, ասել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության փոխտնօրեն Ջոն Սիֆթոնը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հատուկ լսումներին:

Սիֆթոնի համոզմամբ, ամենաարդյունավետ գործիքը, որը կարող է կիրառել ԱՄՆ Կոնգրեսը աշխարհում կոռուպցիայի մակարդակի նվազեցման և մարդու իրավունքների պաշտպանության համար, «Մագնիտսկու օրենքն է»: Global Witness կազմակերպության ներկայացուցիչ Սթեֆանի Օսթֆելդը նույնպես կոչ է արել Կոնգրեսին՝ կիրառել այդ օրենքը բոլոր օտարերկրյա պետությունների կոռումպացված պաշտոնյաների դեմ: «Մենք պետք է դադարենք կարմիր գորգեր փռել կաշառակերների առջև»,- ասել է նա: