Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը պնդում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս ձեռք բերված չէ:
«Ժառանգությունը»՝ լինելով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նախապես ներկայացված հինգ հայտնի առաջարկների ակտիվ համահեղինակներից մեկը, ինչպես մեր մյուս գործընկերները, հանդես էր եկել դրանց ամբողջական ու անփոփոխ ընդունման օգտին, քանի որ միայն այդ դեպքում կապահովվեր «մեկ ընտրող-մեկ քվեարկություն-արձանագրություններում՝ մեկ քվե» շղթան», - այսօր տարածած հայտարարությունում հիշեցնում է ընդդիմադիր կուսակցությունը: Երեկ երեկոյան Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ Ազգային ժողովի Հանրապետական, ՀՅ Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Օրինաց երկիր» խմբակցությունների միջև ձեռք բերված համաձայնությունը, ըստ «Ժառանգության», «ցավոք, չի ապահովում վերոնշյալ շղթայի ամբողջականությունը և, փաստորեն, իրենից ինչ-որ «կիսահնարավորություն» է ներկայացնում»:
«Ընտրությունները կամ ապահովում են գործընթացի ազատությունը, արդարությունը և թափանցիկությունը, կամ՝ ոչ, այստեղ «կիսա» չի կարող լինել: Գտնում ենք, որ ներկայացված Ընտրական օրենսգիրքն ակնհայտ մեծամասնական բաղադրիչ ունի և հերթական անգամ ծառայելու է ընտրակաշառքի, ահաբեկման, ճնշումների ու ուղղորդումների միջոցով իշխանությունների վերարտադրմանը: Հաշվի առնելով այս ամենը, «Ժառանգությունը» հայտարարում է, որ կոնսենսուս ձեռք բերված չէ», - ասված է հայտարարությունում: