Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության Վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և Նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ) դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 15-ին հարցաքննության է հրավիրվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնարիկ Մանուկյանը՝ դեպքի վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքների շուրջ ցուցմունք տալու։
«Հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել էր նշված դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում հունիսի 11-ին հրապարակված հետաքննական նյութի, ապա նաև՝ Armlur կայքում տեղադրված տեսանյութի արդյունքում», - ասված է հաղորդագրությունում։
Քննչական կոմիտեն նշում է, որ լրագրողական հետաքննական նյութը նախաքննական մարմինը դարձրել էր քննության առարկա և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ։
«Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը՝ պարզաբանելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգով նա որպես վկա կարող է հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ։ Պարզաբանում ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք»: Հիմք ընդունելով մամուլի հրապարակումները՝ նախաքննական մարմնի մոտ ողջամիտ կարծիք է ձևավորվել, որ նյութի հեղինակը հնարավոր է ունի տեղեկություններ դեպքի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար», - ասված է պարզաբանման մեջ։
Կոմիտեն նաև նշում է, որ նախաքննական մարմինը քաջածանոթ է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով երաշխավորված տեղեկատվության աղբյուրների պաշտպանության սկզբունքին, և որևէ պահանջ չի դրվել՝ բացահայտել կամ հրապարակել տեղեկատվության աղբյուրը, այլ լրագրողը հրավիրվել է հարցաքննության՝ իրեն հայտնի հանգամանքների շուրջ։
«Ակնկալվում էր, որ հոդվածագիրը պետք է շահագրգռված լիներ իր իսկ հեղինակած նյութում տեղ գտած հանգամանքներին պատշաճ իրավական գնահատական տալու հարցում և ցուցմունք կտար իրեն հայտնի փաստերի շուրջ (դրանց առկայության դեպքում)», - ասված է հաղորդագրությունում։