Ռուսաստանյան զենքի մատակարարման հարցում հստակություն պակաս կա

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Մոսկվայում, 15-ը հունիսի, 2016թ.

Ռուսաստանից 200 միլիոն դոլար վարկով զենք ձեռք բերելու համաձայնագրի ընդունումից գրեթե մեկ տարի անց զենքի մատակարարման հարցը շարունակում է անհայտ մնալ։

Երեկ Մոսկվայում ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպել է ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ կողմերը ռազմատեխնիկական գործակցության հարցեր են քննարկել, բայց զենքի մատակարարման մասին ոչինչ չի ասվում։

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ գործընթացը դեռ շարունակվում է՝ խուսափելով պատասխանել, թե արդյոք դա նշանակում է, որ զենքը դեռ չի մատակարարվում․ - «Զենքի հետ կապված գործընթացները ընթացքի մեջ են»:

Ազգային ժողովն անցած տարվա հուլիսի 2-ին էր վավերացրել այս վարկային համաձայնագիրը: Իսկ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշել էր, որ վավերացումից հետո գումարն արդեն կարող են օգտագործել։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի կարծիքով, զենքից նորություն չկա, քանի որ Ռուսաստանում դեռ չեն որոշել՝ փոխանցվելո՞ւ է այն, թե՞ ոչ․ - «Անընդհատ Հայաստանի [Ռուսաստանը] հաշվին փորձում է իր հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի և մյուս երկրների հետ»:

Այժմ, ըստ Սարգսյանի, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարված են, Ռուսաստանը թուրքալեզու պետություններին՝ այդ թվում Ադրբեջանին, իր կողքին պահելու խնդիր ունի։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հակառակ կարծիքին է․ նա հաշվարկներ է կատարել, ուսումնասիրել և վստահ է, որ զենքն արդեն մատակարարվում է Հայաստան․ - «Իրավիճակին հետևելու միջոցներ կան, որոնցով մենք տեսնում ենք, որ Ղարաբաղ ռազմամթերք հասնում է և դիմադրության համար անհրաժեշտ որոշակի դիրքեր են ձևավորվում: Այդ զինամթերքը ինչ-որ տեղից մատակարարվում է այնտեղ, ես դա տեսնում եմ: Դժվար թե դա Ղարաբաղ է հասնում Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից կամ Թուրքիայից․․․ կատակում եմ: Իհարկե, զինամթերքը Ղարաբաղ է հասնում Հայաստանից, իսկ Հայաստանն այն բացեիբաց գնում է Ռուսաստանից»:

Իսկանդարյանի կարծիքով, մատակարարումը ուշ է սկսվել բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: Նա նաև վստահ է, որ մատակարարվող զենքը 200 միլիոն դոլարից ավելի արժե։

Մանվել Սարգսյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը և Հայաստանը պետք է վերանայեն իրենց հարաբերությունների ձևաչափը, քանի որ բարդ իրավիճակ է ստեղծվել, և արտաքին խնդիրների պատճառով Ռուսաստանը անգամ զենք չի կարողանում արտահանել Հայաստան։