«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը ուղիղ վիդեոհեռարձակման համակարգ է թողարկում

Ռուսաստանյան «Համադասարանցիներ» (Օդնոկլասսնիկի) սոցիալական ցանցը Հայաստանում, Ղազախստանում և Մոլդովայում ուղիղ վիդեոհեռարձակման բջջային հավելված է թողարկել:

OK Live հավելվածը հասանելի է Google Play-ում և AppStore-ում՝ Հայաստանում, Ղազախստանում և Մոլդովայում: Ակնկալվում է, որ ավելի ուշ հավելվածը կթողարկվի նաև Ռուսաստանում և այն երկրներում, որտեղ սոցցանցը տարածում ունի:

OK Live-ը թույլ է տալիս բջջային հեռախոսից HD որակի տեսահեռարձակում իրականացնել «Համադասարանցիներ» ցանցի խմբերում կամ անձնական էջերում:

«Համադասարանցիներ» ցանցի տրամադրած տվյալներով՝ կայքի օգտատերերն ամեն օր դիտում են շուրջ 300 մլն տեսահոլովակ: 2016թ. փետրվարին «Համադասարանցիներ»-ը թողարկել է Smart TV-ի համար նախատեսված առանձին տեսահավելված, իսկ մարտին խմբերին տրվել է առանձին տեսահեռարձակումների հնարավորություն:

«Ազատության» հարցմանն ի պատասխան «Համադասարանցիներ»-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ամսական կտրվածքով Հայաստանում սոցցանցի օգտագործողների լսարանը կազմում է 1.5 միլիոն մարդ:

Հայաստանում մեծ մասսայականություն վայելող սոցիալական մյուս ցանցը՝ Facebook-ը, բջջային հավելվածով ուղիղ տեսահեռարձակման հնարավորություն տրամադրել էր փետրվար ամսից, սակայն առայժմ միայն iOS օպերացիոն համակարգի՝ iPhone և iPad սարքերի օգտագործողների համար: