Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նամակով դիմել է ռուս գործընկերներին՝ առաջարկելով հանել հունվարի 15-ին Հայաստանում գրանցված դաբաղի դեպքից հետո հայկական ծագման որոշակի կենդանական մթերքի ներկրման վրա դրված ժամանակավոր արգելքը, քանի որ դաբաղի դեպք այլևս չի գրանցվել:
Հունվարին Ռուսաստանն արգելեց խոզի, ոչխարի, այծի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել: Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել:
Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, մինչդեռ, պնդում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանը պարտավոր էր կոլեգիալ որոշում կայացնել միության անդամ երկրի նկատմամբ արգելք կիրառելու դեպքում։
«ԵՏՄ-ն այսօր չունի ռիսկերի գնահատման միասնական կառույց, որտեղ պետությունները կարող են իրենց ազգային շահը պաշտպանել: Դու խաղի մեջ ես այնպիսի գործընկերոջ հետ, որը մշտապես տանում է իր շահերից բխող քաղաքականություն», - ասում է մասնագետը՝ շարունակելով․ - «Գործընթացը չի կազմակերպվել պրոֆեսիոնալ, չի հիմնվել փաստերի վրա, չի ապահովվել թափանցիկություն այս գործընթացում, և այն տեղեկատվությունը, որը տրվել է՝ կասկածելի է»:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հակադարձում է․ - «Թույլ տվեք չհամաձայնել այն մտքին, որ Ռուսաստանը միանձնյա որոշում է ընդունում, մեր ոլորտում չկա նման բան: Մենք ունենք համակարգող մարմին՝ ի դեմս Եվրասիական տնտեսական միության խորհրդի»:
Ինչ վերաբերում է գործընթացին՝ Մկրտչյանն ասում է․ - «Կա Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված ցանկ՝ հատուկ վտանգավոր հիվանդությունների: Եթե այդ հիվանդության մեկ դեպք էլ գրանցվում է, ուրեմն նշանակում է՝ ժամանակավոր սահմանափակումներ և այլն, և այլն»:
Մինչ պետական մարմինները քննարկում են արգելքի վերացման հարցը, Հայաստանում գործարարները վնասներ են կրում:
«Դաբաղի ժամանակ արգելքից բավականին վնաս կրեցինք: Մոտ մեկ ամիս անասունների մորթ չի իրականացվել», - ասում է Մասիս քաղաքում գործող սպանդանոցի պետը, - «Մենք օրական 650-700 հատ մորթում ենք, որը Պարսկաստան ենք ուղարկում: Հիմա եթե Ռուսաստանում էլ պահանջարկ լինի, այնտեղ էլ կարող ենք ուղարկել՝ օրական 600-700 հատ»:
Ռուսաստանի արգելքի չեղարկման որոշումը հայ գործընկերներն ակնկալում են այս ամսվա վերջին։