Ամերիկացի բասկետբոլիստը կարող է խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում

Բասկետբոլ, արխիվ

«Դատելով այն ամենից, ինչ ես լսել եմ Հայաստանի մասին, կարծես թե լավ երկիր է», - ասել է 18-ամյա աֆրոամերիկացի Սթիվեն Ինըքը:

Չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան համալսարանական բասկետբոլի աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկը` Կոնեկտիտուտի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող, 18-ամյա Սթիվեն Ինըքը, համալրի Հայաստանի երիտասարդական հավաքականի շարքերը: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Associated Press գործակալությունը` նշելով, որ ավելի քան 2 մետր հասակ ունեցող աֆրոամերիկացի բասկետբոլիստը այժմ ավարտին է հասցնում անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, ինչը նրանհնարավորություն կտա ամերիկյան անձնագրից բացի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել:

«Հարկ է նկատել, սակայն, որ Ինըքը ընդհանրապես զուրկ է հայկական արմատներից, երբեք Հայաստանում չի եղել, ավելին՝ երբևիցե չի լքել Միացյալ Նահանգների տարածքը», - գրում է Associated Press-ի հոդվածագիրը:

«Դատելով այն ամենից, ինչ ես լսել եմ Հայաստանի մասին, կարծես թե լավ երկիր է», - նշում է 18-ամյա ամերիկացին: Լրագրողի հարցին էլ, թե ինչպես է պատկերացնում շփումը հայազգի թիմակիցների հետ, Սթիվեն Ինըքը պատասխանում է․ - «Իմ տեղեկություններով՝ [Հայաստանի] հավաքականի անդամների մեծ մասը տիրապետում է անգլերենին»:

Associated Press-ի տեղեկություններով՝ Ինըքին Հայաստանի քաղաքացիության տրամադրման գործընթացը կավարտվի մոտ ապագայում, ինչը նրան հնարավորություն կտա մասնակցել հուլիսին Հունաստանում կայանալիք մինչև 20 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը:

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի սահմանած օրենքների համաձայն` այն պահից սկսած, երբ Ինըքը պաշտոնապես ընդգրկվի Հայաստանի հավաքականի կազմում, նա զրկվելու է Միացյալ Նահանգների կամ որևէ այլ պետության դրոշի ներքո հանդես գալու իրավունքից: Նրա նախկին մարզիչ Ջերի Քուինի խոսքով, սակայն, Միացյալ Նահանգների բասկետբոլային շրջանակները գոնե այս պահին Սթիվենինկատմամբ մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում: Հայաստանից արված առաջարկը լավ հնարավորություն էր նրա համար, նշել է Ինըքի նախկին մարզիչը:

Associated Press-ը հիշեցնում է, որ Սթիվեն Ինըքը ամերիկյան համալսարանական բասկետբոլի առաջին ներկայացուցիչը չէ, ով համալրում է եվրոպական հավաքականների շարքերը: Հյուսիսային Կարոլինայի նախկին խաղացող Թայրիս Ռայսն այժմ Չեռնոգորիայի հավաքականի առաջատարն է: Հարավային Դակոտան ներկայացնող Բեքի Համոնն էլ ընդգրկված էր Ռուսաստանի կանանց բասկետբոլի հավաքականում և դրա կազմում մասնակցել է Պեկինի և Լոնդոնի օլիմպիադաներին: