Կոռուպցիայի դեմ պայքարող առանցքային կազմակերպություններից մեկը` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը որոշակի ակտիվություն է նկատում կոռուպցիայի դեմ պայքարում:
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ: Նրանք ներկայացրել են տարբեր ոլորտներում կատարած իրենց ուսումնասիրության արդյունքները:
Նիստին մասնակցած «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի քայլեր արվում են՝ ձերբակալություններ են կատարվում, հայտարարություններ և քննարկումներ են տեղի ունենում, բայց դա բավարար չէ․ - «Ինչ-որ ակտիվ գործընթացներ կան․ պայքար չեմ կարող ասել՝ պայքարը ավելի լուրջ բան է երևի: Չգիտեմ՝ որքանո՞վ են իրենք ուզում իրականում պայքարել, բայց ինչ-որ գործողություններ են արվում, որոնք հակակոռուպցիոն միտվածություն ունեն»:
Սոնա Այվազյանը նշում է՝ իրենք կհամարեն, որ կա կոռուպցիայի դեմ պայքար, եթե պետությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի մեկ ամիս առաջ հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրների ուղղությամբ: Օրինակ՝ եթե կոռուպցիոն բացահայտումների ընթացքում ձերբակալությունները չսահմանափակվեն ստորին օղակների պաշտոնյաներով:
«Մենք գիտենք, որ այդ ցածր օղակներում ստացվող գումարները ի վերջո բարձրանում են դեպի վերև: Այսինքն՝ այդ մակարդակում չի սահմանափակվում դա», - պատճառաբանում է նա:
Հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրենը նաև կարևորում է քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարը, որի համար շատ կարևոր նշանակություն ունի Ընտրական օրենսգիրքը․ - «Եվ մեր կարծիքով առաջին գործողությունը պետք է լինի Ընտրական օրենսգրքում վերահսկողության լծակների ավելացումը հասարակական կառույցների և զանգվածային լրատվամիջոցների համար: Դա առաջնային է և դա հենց քաղաքական կոռուպցիան կանխարգելելու համար է արվում: Առաջարկություններ ենք ներկայացրել շահերի բախման վերաբերյալ, հայտարարագրման վերաբերյալ»:
Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ընթացքում «Թրասնփարենսի Ինթերնեշնլ»-ի փոխտնօրենը ներկայացրել է Պաշտպանության նախարարության գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Մասնավորապես, քանի որ այս ոլորտում գնումների մեծ մասը գաղտնի է, ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնել պարզապես անհնար է, ինչն էլ չարաշահումների տեղիք է տալիս: Գաղտնի են պահվում անգամ ընկերությունների կողմից մատակարարվող գրենական պիտույքների չափը կամ Պաշտպանության նախարարության մեքենաների քանակը, որոնք պետական գաղտնիքի կամ ազգային անվտանգության հետ որևէ առնչություն չունեն: Սոնա Այվազյանի փոխանցմամբ, եթե այս ոլորտում ծախսերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը բաց լինի, ապա որոշակի չափով կկրճատվեն նաև կոռուպցիոն ռիսկերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս ուղղությամբ այսօր արդեն որոշակի հանձնարարականներ է տվել:
«Վարչապետը պարզապես հանձնարարեց այդպես աշխատել համատեղ և փորձել ընդհանուր հայտարարի գալ և հասկանալ, թե որքանով կարող են այդ առաջարկությունները համատեղվել», - մանրամասնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի փոխտնօրենը:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստին մասնակցել է նաև «Հետաքննող լրագրողների» կազմակերպության թղթակիցը: Նա էլ ներկայացրել է իր ուսումնասիրությունը այն մասին, թե ինչպես են համայնքների ղեկավարները աճուրդների միջոցով փոշիացնում համայնքների գույքը, իսկ ստացված գումարները՝ յուրացնում:
«Ես ներկայացրել եմ իմ հետազոտությունը, որը մենք իրականացրել ենք երկու տարիների ընթացքում, և երևում է, որ դա ամբողջությամբ փոշիացվում է: Սխեման դա է․ համայնքի ղեկավարը ուղիղ համագործակցությամբ, պայմանավորվածությամբ կոնկրետ գնորդի հետ գին է ձևավորում, որից ընդամենը կադաստրային արժեքով կամ անգամ դրա կեսի չափով կարող է մուտք արվի համայնքային բյուջե, որը չնչին գումար է, իսկ մնացածը տնօրինվում է իրենց հայեցողությամբ: Այսինքն շուկայական արժեքը փաստացի իրենց եկամուտն է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Պետրոսյանը՝ հավելելով․ - «Համեմատության համար՝ մեկ դեպք ասեմ. 46,000 [դրամ] արժեցող հողակտորը իրականում վաճառվել է 5,000 դոլար»:
«Ազատության» հարցին՝ վարչապետը լսե՞ց այս փաստերի մասին, Սառա Պետրոսյանը պատասխանեց․ - «Վարչապետը լսեց, և մյուսները լսեցին, հարցեր տվեցին, ինչ-որ բաներ ճշգրտեցին: Ես չեմ կարող ասել, հիմա առաջարկվեց, որ Տարածքային կառավարման նախարարության հետ ևս քննարկվեն այն առաջարկները, որոնք այդ ոլորտը բարելավելու հետ կապված մենք ունենք»: