Հարկային օրենսգրքի փոփոխություններով իշխանությունը փորձում է ավելի խորը մտնել քաղաքացիների գրպանը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր գործչի պնդմամբ, այսօր ավելի քան կես միլիոն թոշակառուների բեռը դրված է ընդամենը 400,000 վարձու աշխատողների եկամտահարկի վրա, իսկ այս քաղաքացիներին փայփայելու և նրանց թիվը մեծացնելու փոխարեն պետությունը տարեցտարի ավելացնում է նրանց հարկային բեռը:
«Այս 400,000 մարդուն մեր պետությունը բռնել` քամում է: Ու սրա արդյունքը ի՞նչ է` արտագաղթի տեմպերի աճը, գործազրկության մակարդակի աճը», - ասում է պատգամավորը:
Փաշինյանը նկատում է` բիզնեսի զարգացման փոխարեն պետությունը օրենսգրքի փոփոխությամբ շեշտակի նվազեցնում է շրջանառության հարկի շեմը, բարձրացնում ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը:
«Հպարտանում է մեր կառավարությունը, ասում է` մենք ալկոհոլային խմիչքների վաճառքը չենք խրախուսում: Այսինքն` այս մարդիկ Նոր տարի չե՞ն անելու, իրենց տանը ծնունդ չե՞ն անելու: Այսինքն՝ այս մարդկանց տուն մի օր հյուր չի՞ մտնելու, որի դեմը մի շիշ արաղ դնեն: Պետությունով ընկել եք էդ մի շիշ արաղի հետևից` պայքարում եք, որ հանկարծ էդ մի շիշ արաղն էլ չլինի», - հայտարարում է նա:
Ընդդիմադիր պատգամավորն անհիմն է համարում փաստաթուղթը մշակած Պետեկամուտների կոմիտեի պնդումները, թե նոր օրենսգրքով հարկային բեռը նվազեցվում է: Նշում է` մինչև 70,000 դրամ աշխատավարձ ստացողների համար պետությունը 980 դրամով պակասեցնում է եկամտահարկը, փոխարենը` բարձրացնում բենզինի, դիզվառելիքի ու մեքենայի գազի գինը:
«Ասես մարդկանց ասեն` ձուկը թանկացել ա, խի՞ եք իրար խառնվել, սև իկրա կուտեք: Դուք կուտեք, բա էն մյուսնե՞րը», - պատկերավորեց Փաշինյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը իշխող հանրապետականներին հիշեցրեց, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են․ - «Գալիս եք այստեղ ու Հայաստանի տնտեսվարողների ու տնտեսության մասին խոսում եք որպես որսի: Դուք որսորդներն եք, նրանք էլ որսն են՝ ոնց պետք է իրենց բռնեք, ոնց պետք է հետևից բռնեք ու ընենց անեք, որ չփախնեն: Հարգելի քաղաքական մեծամասնություն, այս օրենսդրական փոփոխություններով գնում եք նոր ընտրությունների՞: Ի՞նչ եք ակնկալում բա Հայաստանի ժողովրդից»:
Չարություն որակելով ընդդիմադիրների քննադատությունը` իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք նույնպես հարյուրավոր առաջարկներ ունեն, սակայն կառավարության հետ արդեն պայմանավորվել են` նոր օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին:
«Չեմ շտապում գնահատականներ տալ, որ այս օրենսգիրքը ամենալավն է և այլն: Երկրորդ ընթերցման ժամանակ սրա գնահատականը կտա Հանրապետական խմբակցությունը: Իսկ այժմ կոչ եմ անում, որ բոլորս համատեղ աշխատենք, ընդունենք առաջին ընթերցմամբ», - հավելեց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, նոր օրենսգիրքը բարեփոխում չի կարող համարվել, քանի որ մշակվել է առանց գործարարների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքական ուժերի․ - «Շատերի կողմից փաստորեն այս հարկային օրենսգիրքը ընկալվում է որպես քերթողական քաղաքականության մի նոր դրսևորում: Այս պահին պարզ է, որ գանձարանը դատարկ է և կառավարությունը բավականին հուսահատ քայլեր է կատարում, որ կարողանա գանձարանը լցնել»:
Թեև 700 էջանոց փաստաթուղթն արդեն առաջիկայում կդրվի քվեարկության, վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է՝ ամենօրյա կապի մեջ է խորհրդարանականների հետ, շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները լսելի կլինեն: Պատասխանելով «Ազատության» հարցին՝ վարչապետը հակադարձեց ընդդիմադիրների քննադատությանը, թե հարկային նոր օրենսգիրքը հարվածելու է միջին խավին ու բիզնեսին:
«Կան բազմաթիվ ողջամիտ առաջարկություններ, և կա հանձնարարություն Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի քննարկվեն բոլոր պատգամավորների, քաղաքական ուժերի այն հարցադրումները, որոնք այսօր առկա են և ողջամիտ են: Եվ մենք կարող ենք այդ քննարկման ընթացքում ընդունել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում», - հավաստիացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: