Թրամփ․ Օռլանդոյում տեղի ունեցածը միայն սկիզբն է

Հիլարի Քլինթոն, Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահի երկու թեկնածուները սկզբունքորեն տարբեր հայտարարություններ են արել Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Հանրապետական Դոնալդ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգների ռազմավարությունը բացարձակապես սխալ է: «Ե՞րբ է սա ավարտվելու, ե՞րբ մենք դառնալու ավելի կոշտ, ավելի խելացի և ավելի աչալուրջ», - հարց է բարձրացրել նա:

Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր արգելել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ: Երեկ նա իր թվիթերյան էջում գրել է, թե իր նախազգուշացումները «ծայրահեղական մահմեդական ահաբեկչության վերաբերյալ ճիշտ էին», և այն, ինչ տեղի ունեցավ Օռլանդոյում, միայն սկիզբն է:

Դոնալդ Թրամփը նաև կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային հրաժարական տալ, իսկ իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնին հորդորել է դադարեցնել քարոզարշավը:

Իր հերթին, Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը վտանգավոր է որակել Թրամփի հռետորաբանությունը: