Մեկնարկել է Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի երկրորդ փուլը

Վաղը կհայտարարվեն մրցույթի հաղթողների անունները:

Անցած շաբաթ օրը՝ հունիսի 11-ին, մեկնարկեց Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի երկրորդ փուլը:

Առաջին փուլի մասնակից 12 դիրիժորներից երկրորդ փուլ են անցել չորսը՝ կատարելով Արամ Խաչատրյանի, Յոզեֆ Հայդնի ստեղծագործությունները, ինչպես նաև հայ կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանի՝ հատուկ այս մրցույթի համար գրված ստեղծագործությունը: Այս տարի առաջին անգամ մրցույթի կազմակերպիչ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել մրցութային պարտադիր ծրագրի մեջ ընդգրկել հայ ժամանակակից կոմպոզիտորի՝ մրցույթի համար հատուկ գրված որևէ ստեղծագործություն․ այս շարքում առաջինը Էդվարդ Հայրապետյանի ստեղծագործությունն էր:

Կոմպոզիտորի համար շատ տպավորիչ է եղել լսել իր ստեղծագործության տարբեր մեկնաբանություններ, որոնք հնչել են մրցույթին մասնակից աշխարհի տարբեր կողմերից ժամանած երիտասարդ դիրիժորների ղեկավարությամբ՝ Հայաստանի Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Մրցութային երկրորդ փուլից հետո հանդես են գալու դիրիժորներ Հարավային Կորեայից, Գերմանիայից, Խորվաթիայից: Վաղը՝ հունիսի14-ին եզրափակիչ գալա համերգի ընթացքում կհնչեն նաև մրցույթի հաղթողների անունները:

Հավելենք, որ մրցույթի առաջին տեղը նվաճած երաժշտին սպասում է նաև 10 հազար դոլար պարգևավճար:

ԱՄՆ-ում մեկնարկում է Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների ամենամյա մրցույթը

Միացյալ Նահանգների Սոլթ Լեյք Սիթի քաղաքում այսօր մեկնարկում է Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների ամենամյա մրցույթը, որն այս տարի անցկացվում է կրտսեր՝ 11-14 տարեկան դաշնակահարների համար: Նախընտրական փուլից հետո այս տարի մրցույթին մասնակցության հրավեր է ստացել նաև Հայաստանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի աշակերտ Անդրեյ Կուրբետը: Հեղինակավոր այս մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60 հազար դոլար:

Չինաստանի մշակույթի օրեր Հայաստանում

Անցած շաբաթ օրը երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Չինաստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը:

Մինչ այդ Հայաստանում Չինաստանի դեսպանն ու Հայաստանի մշակույթի նախարարը 2017-2020 թվականների հայ-չինական մշակութային համագործակցության պայմանագիր կնքեցին:

Չինաստանի մշակույթի օրերի շրջանակներում բացի մայրաքաղաքում տեղի ունեցող միջոցառումներից՝ համերգներ, ցուցահանդեսներ և այլն, Գյումրիում ևս արվեստասերները կարող են ծանոթանալ չինական ժամանակակից արվեստին: Այս երեկո Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա չինական երգի ու պարի համույթի համերգը՝ «Իմ երազանքը» խորագրի ներքո:

Չինական մշակույթի օրերը Հայաստանում կշարունակվեն մինչև հունիսի 17-ը: