Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթելով բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սարգսյանը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը:
«ՀՀ Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ռուսաստանի Նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա հիմնված հայ-ռուսական համագործակցության դաշնակցային բնույթը մշտապես արտահայտվում է ինչպես երկկողմ միջպետական մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում փոխգործակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը, որոնք միտված են կայունության և անվտանգության պայմաններում զարգացման ապահովմանը»,- նաև ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում:
ՌԴ կառավարության նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սարգսյանը նշել է՝ «Ռուսաստանի համար տոնական նշանավոր այս օրն անքակտելիորեն կապված է ՌԴ քաղաքացիների բարօրության ու միջազգային ասպարեզում երկրի դերի ամրապնդմանն ուղղված՝ Ռուսաստանի կենսագործունեության բոլոր ոլորտների խորը փոխակերպումների հետ»: