Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում ռուսերեն լեզվով գրառում է կատարել՝ կապված Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանն առնչվող քննարկումների հետ:
«Հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունը կրում են հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, և նրա հիշատակին հուշարձաններ են կանգնեցվել թուրք զավթիչների դեմ մղած իր հերոսական պայքարի, նաև այն բանի համար, որ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակներում նա պաշտպանել է բնակչությանն այն ժամանակ քարտեզի վրա նոր հայտնվող Ադրբեջանի հանրապետության զինված կազմավորումների իրականացրած ջարդերից:
Նաև այն բանի համար, որ կազմակերպել է Հայաստանի տարածքի պաշտպանությունը, այդ թվում՝ Զանգեզուրի: Եվ իհարկե, միանգամայն հասկանալի է այն, որ գեներալ Նժդեհի արձանի տեղադրումը Ադրբեջանում պատվիրված հրապարակումների հերթական փոթորիկն առաջացրեց, ինչն Ադրբեջանի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունների մասին բազմիցս հնչեցված հայտարարությունների անմիջական հետևանքն է: Ապարդյուն և անբարոյական են Բաքվի բոլոր ջանքերը՝ ուղղված ֆաշիզմի տապալման գործում Հայաստանի անգնահատելի ներդրման վրա ստվեր գցելուն»,- գրել է Տիգրան Բալայանը:
Երևանում Նժդեհի արձանի տեղադրումը նախօրեին «անհասկանալի» էր որակել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմին բոլորը լավ գիտեն: Մեր վերաբերմունքը նացիզմի, նեոնացիզմի և ծայրահեղականության ցանկացած դրսևորմանն ու հերոսացմանը նույնպես բոլորը գիտեն՝ այն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Եվ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է տեղադրվել նշված արձանը, չէ՞ որ մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքի մասին», - մասնավորապես, ասել էր Զախարովան:
Հայաստանի արտգործնախարարի խոսնակի գրառման մեջ, սակայն, Զախարովայի վերոհիշյալ մեկնաբանությանը որևէ անդրադարձ չկա: