Նոր Հարկային օրենսգրքի նախագիծըը քննադատում են նաև պատգամավորները

Ազգային ժողովը վաղը կքննարկի ու, ամենայն հավանականությամբ, առաջին ընթերցմամբ քվեարկության կդնի տնտեսագետների և գործատուների կոշտ քննադատությանն արժանացած նոր Հարկային օրենսգրքի նախագիծը:

700 էջից բաղկացած փաստաթղթում բազմաթիվ բացթողումներ ու մտահոգիչ դրույթներ են տեսել նաև մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավորները՝ վստահեցնելով, որ դրանք բացասական ազդեցություն կթողնեն ինչպես բնակչության սոցիալական վիճակի, գնողունակության, այնպես էլ գործարար միջավայրի վրա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով, առաջարկվող օրենսգիրքը նաև շատ կարևոր հարցերի երկարաժամկետ լուծում չի առաջարկում․ - «Հարկային օրենսգիրքը պետք է արտահայտի տնտեսական միտումների և ներդրումային գործարար միջավայրի՝ ապագա գործընթացներում տեղաշարժերը: Սա ֆիքսել ա էսօրվա պահը»:

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը (ԲՀԿ), արխիվ:

Մտահոգիչ կետերը, ըստ պատգամավորի, շատ են․ մասնավորապես, նպաստավոր պայմաններ չեն ստեղծվում գործարարների համար: Վկայակոչելով բազմաթիվ դրույթներ՝ նա ընդգծում է, որ ամենօրյա մոնիտորինգով հարկային մարմինները մշտապես միջամտելու են ձեռնարկատիրոջ գործունեությանը․ - «Շատ առանձնահատկություններ կան, որ էս Հարկային օրենսգիրքը էս մասով հաշվի չի առել»:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի պնդմամբ՝ Հարկային օրենսգիրքը ոչ միայն չի լուծում ստվերային տնտեսության խնդիրը, այլև նպաստավոր պայմաններ է ստեղծում դրա համար: Մատնանշելով եկամտահարկի դրույքաչափերի 2-7 տոկոսով բարձրացումը՝ Քոքոբելյանը պնդում է, թե այդպիսով իշխանությունները հրահրում են աշխատողին հանցավոր գործարքի գնալ գործատուի հետ․ - «Եկամտահարկը կարելի էր նույն 20 տոկոսի բազայով հարկել, և այս դեպքում գործատուն ստիպված չի լինի աշխատողի հետ գնալ մի այլ գործարքի: Արդյո՞ք կա Հայաստանի Հանրապետությունում մեկը, որ կասկածում է, որ բացի բյուջետային աշխատողներից և ընտրովի մի քանի հիմնարկների աշխատողներից, բոլոր տեղերում աշխատավարձերի ոչ-ճշգրիտ ձևակերպում կա: Այսինքն այն տեղերը, որտեղ հստակ, մաքուր, սպիտակով աշխատանք կա, նրանք սրանից միայն տուժում են: Եթե այս Հարկային օրենսգիրքը չի լուծում այդ ամենաէլեմենտար խնդիրը, չի լուծում տնտեսության զարգացման ուղղություններին նպաստելու խնդիրները, հարց եմ տալիս՝ ի՞նչ խնդիր է լուծում այս օրենսգիրքը»:

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, արխիվ:

Ըստ օրինագծի, չնչին՝ 1.4 տոկոսով նվազում է մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը: Նաև զգալի չափով՝ մինչև 36 տոկոսով նվազում է 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտահարկը: Ըստ Քոքոբելյանի, այս քայլով չի լուծվում սոցիալական վատ վիճակում գտնվողների հարցը, արտագաղթի է մղվում միջին խավը, անհատական մոտեցում է ցուցաբերվում խոշոր եկամուտներ ունեցող մարդկանց փոքր խմբին:

Օրերս խորհրդարանի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունը ևս իր եզրակացության մեջ բավական կոշտ գնահատականներ էր տվել օրինագծին: Մասնագետները նշել էին, որ նախագծով առաջարկվող մոտեցումը «կպաստի աշխատուժի արտահոսքի մեծացմանը (հատկապես դեպի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այս հարկի դրույքաչափը կազմում է 13-15 տոկոս)»:

Պատգամավոր Միքայել Մելքումյանը ընդգծեց, որ հաշվարկներն արվել են այսօրվա աշխավարձով, մինչդեռ օրենսգիրքը նախատեսվում է կիրառել 2018 թվականից: Պատգամավորը հարց է բարձրացնում՝ հաշվարկե՞լ եք, թե ինչքան է լինելու միջին աշխատավարձը 3 տարի հետո․ - «Եթե հիմա 200 հազար դրամ ա, և, ասենք թե, երեք-չորս տարի հետո էդ միջին խավը ստանա 400 հազար կամ 350 հազար դրամ, հազիվ ծերը ծերին դրանով հասցնելու ա, մենք բերում ենք, բարձր հարկման տակ ենք դնում: Այսինքն ինչ ա, կառավարությունը դրանով ցույց ա տալիս, որ չե՞ն աճելու եկամուտները, և մենք ապագա միջին խավի՞ն ենք հարկելու: Սա վատ է, լրջագույն թերություն»: