Թեև Համաշխարհային բանկը հանքարդյունաբերությունը Հայաստանի համար կարևոր ոլորտ է համարում, այդուհանդերձ, կատարած ուսումնասիրություններից հետո եզրակացրել է, որ գործող հանքարդյունաբերողներից ոչ մեկը չի ապահովում տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայունության պահանջները, չի հետևում բնապահպանական պահանջներին: Ըստ ՀԲ-ի, հանքարդյունաբերողներն անպատասխանատու վարքագիծ են դրսևորում, իսկ դրանց գործունեության վերահսկման համար պատասխանատու կառույցները լուրջ ձախողումներ ունեն։
Այսօրվա դրությամբ, Հայաստանում հանքարդյունահանման կամ հետախուզական աշխատանքների 440 թույլտվություն է տրվել, որոնցից 27-ը գործում են։ Ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտում իրենց ուսումնասիրության արդյունքները, Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության գծով առաջատար մասնագետ Կիրստեն Հանդը նշեց՝ «Հայաստանում այսօր այս ոլորտը կախվածության մեջ է մեկ խոշոր ընկերությունից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որն էլ խիստ զգայուն է դարձնում ոլորտը համաշխարհային շուկաներում գների տատանումների նկատմամբ։ Ոլորտի մարտահրավերներից մեկն էլ դեռ հնուց մնացած ու չկոնսերվացված պոչամբարներն են։ Մյուս կողմից էլ՝ գործող պոչամբարներ կան, որոնք կառուցված չեն միջազգային ստանդարտներին համապատասխան»։
Համաշխարհային բանկը, վերլուծելով Հայաստանի վերջին 5 տարվա տնտեսական ցուցանիշները, իր եզրակացության մեջ նշել է, որ Հայաստանի կառավարությունն այդ ընկերություններին հանքարդյունաբերության արտոնագրեր է տվել «ոչ կենսունակ ծրագրերի համար», քանի որ դրանց հիմնական մասը, բացառությամբ մեկ-երկու ընկերությունների, անընդհատ վնասներ են կրել և վնասներ են պատճառել շրջակա միջավայրին։ «Հայաստանն ունի լավ օրենսդրություն, շատ օրենքներ կան, խնդիրն այդ օրենքների կիրառման մեջ է»,- նկատեց ՀԲ-ի մասնագետը։
Համաշխարհային բանկի ուսումնասիրության ներկայացման ժամանակ բնապահպաններն ու տնտեսագետները մի շարք հարցեր հնչեցրին: Մասնավորապես՝ կառավարությունը որքանո՞վ է հաշվի առել նախկինում նման վերլուծություններում նշված դիտողությունները և արդյո՞ք փոխել է իր գործելաոճը։
Բնապահպան Լևոն Գալստյանը շեշտեց՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը հիմնականում տնօրինում են պաշտոնյաները։ Մասնավորապես, ըստ նրա, Սյունիքի մարզպետը ստացել է մինչև տասը հանքավայրերի շահագործման կամ հետախուզման իրավունք։
Բնապահպան Ինգա Զարաֆյանի պնդմամբ էլ, այդ ընկերությունները կառավարությունից հաճախ ստանում են արտոնյալ վարկեր, այն դեպքում, երբ դրանք որևէ տնտեսական զարգացում չեն ապահովում Հայաստանում։
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ նշեց՝ «Ամենամեծ պրոբլեմն այս բնագավառում թափանցիկության բացակայությունն է։ Այս բնագավառն աշխատում է փակ։ Հասարակության մեջ այն կարծիքը կա, որ բոլոր մեր հանքատերերն իշխանության հետ անմիջական կապ ունեն կամ միջնորդավորված կապի մեջ են»։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին իր հերթին ասաց՝ «Թեպետ ես միշտ մարդկանց հիշեցնում եմ, որ մենք կախարդական փայտիկ չունենք, որ ամեն ինչ կարգավորենք, հատկապես՝ շրջակա միջավայրի և առողջության հետ կապված հարցերը, բայց այս ծրագիրը հաստատ կօգնի՝ բարելավելու տվյալների թափանցիկությունը»։
Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունն օգտագործելու են արդյունաբերության ոլորտում «ապագա քաղաքականությունը նախատեսելու համար»։ «Ազատության» հարցին՝ արդյո՞ք ուշացած չէ կառավարության նախաձեռնությունը, երբ բնապահպաններն արդեն բազմիցս նշել են երկրի կրած լուրջ բնապահպանական վնասների մասին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ «Միշտ էլ կարելի է ցանկացած նախաձեռնության ժամանակ այդ հարցը ուղղել՝ արդյո՞ք ուշ չէ։ Լավ է ուշ, քան ավելի ուշ»։