Զեմանը կդիմի Չեխիայի խորհրդարանին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը Երևանում, 8-ը հունիսի, 2016թ․

Ղարաբաղյան խնդրին անդրադառնալով՝ Չեխիայի նախագահը կողմերին առաջարկեց որպես բանակցությունների վայր նաև Պրահան ընտրել:

Պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր է իր երկիր վերադառնալուց հետո դիմել խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Այդ մասին նա հայտարարեց այսօր Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: «Որպես իմ հայտարարությանը հաջորդող քայլ, կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք ևս Գերմանիայի օրինակին հետևելով՝ կատարեն նմանատիպ հայտարարություն»,- ասաց Չեխիայի ղեկավարը։

Պետական այցով Հայաստան ժամանելուց առաջ Զեմանը հարցազրույց էր տվել չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին և հայտարարել՝ ցանկանում է, որ իր երկիրն էլ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակի։ Նա խոստացել էր Հայաստանից վերադառնալուց հետո այս հարցը քննարկել նաև իր երկրի արտգործնախարարի հետ։ «Ես իմ դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ հայտնել եմ դեռևս 2014 թվականին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած այցի ժամանակ»,- հիշեցրեց Զեմանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Միլոշ Զեմանին վերջինիս դիրքորոշման համար, ասաց, թե Բունդեսթագի կողմից ցեղասպանության ճանաչումն ապացուցեց, որ այս գործընթացը հնարավոր չէ կասեցնել։ - «Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի նախագահի աներկբա դիրքորոշման համար», - նշեց նա:

Չեխիայի նախագահը երեկ ուշ երեկոյան է ժամանել Հայաստան, այսօր առավոտյան նա Ցեղասպանության հուշահամալիրում էր, այցելեց նաև թանգարան և հուշահամալիրի տարածքում խորհրդանշական եղևնի տնկեց։ Առաջին անգամ Հայաստանում գտնվող Զեմանը անդրադարձավ նաև ղարաբաղյան խնդրին և առաջարկեց կողմերին բանակցությունների համար հանդիպումները նաև Պրահայում անցկացնել։

«Ինչպես նախագահ Սարգսյանը, այնպես էլ նախագահ Ալիևը բավականին փայլուն անձնավորություններ են, հուսով եմ՝ նրանք կարող են խաղաղություն կնքել»,- ասաց բարձրաստիճան հյուրը։

Հայաստանի նախագահը բանակցությունները Պրահայում անցկացնելու առաջարկին դրական արձագանքեց, շնորհակալություն հայտնեց Չեխիային՝ Մինսկի խմբի ձևաչափին աջակցելու համար: Բայց և նշեց, որ իրեն մտահոգում է Ադրբեջանի նախագահի վերջին օրերի պահվածքը, ով իր ելույթում Հայաստանի հասցեին ցինիկ որակումներ է հնչեցրել, վիրավորել է Հայաստանի նախագահին։

«Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ», - ասաց նա:

Երկու երկրների նախագահները այսօր Բաղրամյան 26-ում նաև հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ անցկացրեցին, տնտեսական կապերը զարգացնելու հարցեր քննարկեցին, ավարտին էլ փաստաթուղթ ստորագրեցին։ Միլոշ Զեմանը արձանագրեց, որ տնտեսական ոլորտում անելիքները շատ են, բայց ներդրումների ոլորտում կարևոր են նաև պետական երաշխիքները: