Սահակյան․ Հնարավոր չէ գնալ ման գալ, հետո ետ գալ ու աշխատանք ուզել իշխանություններից

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահն ասում է՝ տեղյակ չեն Սամվել Բաբայանն ինչ ներուժ ունի, որպեսզի «աջակցեն, կամ չաջակցեն»

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, այսօր անդրադառնալով Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին և նրան Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու կոչերին, ընդգծում է՝ հնարավոր չէ գնալ աշխարհում ման գալ, հետո ետ գալ ու աշխատանք ուզել իշխանություններից:

«Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ բավականին լուրջ կռվող է եղել», - արձանագրում է Սահակյանը՝ շարունակելով․ - «Չունի ռազմական որևէ կրթություն՝ դա մեկ: Դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի: Դրանի հետո դուրս է եկել՝ իր համար տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է գործ է ուզում ու պիտի գործ ճարեն ու տա՞ն: Չի կարող»:

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Սամվել Բաբայանը աշխատանք է ուզում իշխանություններից և նրանք էլ մերժում են, Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե ինքը Բաբայանի հետ չի հանդիպել, պարզապես նման տպավորություն ստացել է թերթերից:

«Էդպես չի կարող, որ գալիս գործ են ուզում և իշխանությունները գործ են տալիս: Էդպես չի կարգը», - նաև ասաց Սահակյանը:

Նշենք, որ Սամվել Բաբայանն անցած կիրակի Ստեփանակերտում հայտարարել էր, թե պաշտոն չի ուզում, պարզապես ցանկանում է օգնել պաշտպանական համակարգեր ստեղծելու հարցում: Նրան Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու կոչով հանդես էր եկել Ղարաբաղի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը, ում և հունիսի 6-ին դաժան ծեծի ենթարկեցին:

Հարցին, թե արդյո՞ք իշխանությունները պատրաստ են հանդիպել Բաբայանին և նրա փորձն ու ներուժը օգտագործել պաշտպանական ոլորտում, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց․ - «Դեռևս մենք նույնպես չգիտենք ի՞նչ ներուժ ունի, որպեսզի դրան աջակցենք, թե չաջակցենք»:

Անդրադառնալով Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին դաժան ծեծի ենթարկելու փաստին՝ Ազգային ժողովի նախագահը պնդեց, թե դրանում քաղաքական դրդապատճառներ չի տեսնում․ - «Քաղաքական դրդմամբ բռնում են մարդուն ծեծում են, որ ինքը այլ քաղաքական մտածողությո՞ւն ունի: Դա խուլիգանական արարք է»: