Փոստանջյանը ադեկվատ չի համարում ԼՂ իշխանությունների արձագանքը Խանումյանի ծեծին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ադեկվատ չի համարում Ղարաբաղի իշխանությունների արձագանքը Հայկ Խանումյանի ծեծին:

Փոստանջյանը, մասնավորապես, անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հայտարարությունը, թե Խանումյանի պատմածները բոլիվուդյան ֆիլմ են հիշեցնում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ անհավասարակշիռ է և հաճախ է այդ պատճառով քաշքշուկների մեջ ընկնում:

«Սա կարծում եմ ուղղորդված է, և մատնանշում է, որ իրենք ունեն մեղավորություն այս բռնությունների կատարման մեջ», - ասում է նա:

Զարուհի Փստանջյանը միակ պատգամավորն էր, որ միջադեպի օրը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց Ազգային ժողովի անունից դատապարտել Ղարաբաղում ընդդիմադիր պատգամավորի ծեծը: Հայաստանի խորհրդարանը կոչին չարձագանքեց: Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը միայն հակադարձեց, թե Ղարաբաղն անկախ պետություն է՝ իր իրավապահ համակարգով և քաղաքական գործիչներով, այստեղից կոչեր հնչեցնելու և դասեր տալու կարիք չկա:

Զարուհի Փոստանջյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունները Ստեփանակերտի անունից բանակցում են միջազգային հարթակներում, մինչդեռ երբ իրենց այդպես է անհրաժեշտ՝ հորդորում են չխառնվել Ղարաբաղի ներքին խնդիրներին:

«Երբ հարցը վերաբերում է ժողովրդավարությանը, ապա այստեղ անկախ հանրապետություն են բանացնում», - ասում է նա:

Իշխող Հանրապետական խմբակցության անդամ, ծնունդով ղարաբաղցի Համլետ Հարությունյանը միջադեպը դատապարտելի է համարում, սակայն համաձայն չէ, որ դա կարող է Ղարաբաղի վարկանիշի վրա ազդել: Փոխարենը, ըստ Համլետ Հարությունյանի, եթե Հայաստանի խորհրդարանը Հայկ Խանումյանի ծեծը դատապարտող հայտարարություն ընդունի, ապա այն կարող է հաղթաթուղթ դառնալ Ադրբեջանի ձեռքում:

«Այսինքն՝ մի փաստաթուղթ վերցնենք, որ Ադրբեջանը վերցնի՝ ասի՝ ահավասիկ Հայաստանի խորհրդարանը դատապարտել է: Ո՞ւմ պիտի դատապարտենք: Մարդիկ են՝ իրար ծեծում էլ են, գյուղացիա, քաղաքացիա՝ ամեն քառօրյայի ժամանակ պիտի մի հատ բան ընդունե՞նք», - հարցնում է նա: