Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ անընդունելի որակելով այն և կոչ անելով զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից և մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները:
«Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում մարդու և քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս»,- ասված է Սահակյանի հայտարարությունում:
«Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, և վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», - նաև հայտարարում է Լեռնային Ղարաբաղի նախագահը՝ Խանումյանին շուտափույթ առողջություն մաղթելով: