Ղարաբաղյան կարգավորման շուրջ շրջանակային պայմանավորվածությունների հասնելու համար կա հեռանկար՝ հետագայում իրավական պարտավորություն ունեցող փաստաթղթի ամրագրմամբ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ռուսական «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը նախագահական մակարդակից փորձագիտական մակարդակ հասցնելը, Պոպովը պատասխանել է․ - «Փորձագիտական մակարդակի անցնելու հնարավորությունը կախված է առանցքային հարցերի կարգավորման շուրջ կողմերի տարաձայնությունները հաղթահարելու պատրաստակամությունից»:
Դրանից հետո կարելի կլինի խոսել փորձագիտական խմբերի ստեղծման մասին, այդ թվում՝ նաև այդ պայմանավորվածությունները իրավական ուժ ունեցող փաստաթղթով ամրագրելու համար, ասել է ռուսաստանցի դիվանագետը՝ ընդգծելով, որ «դրա համար կան հեռանկարներ»:
Պոպովը նշել է, որ մայիսին Վիեննայի հանդիպմանը Ադրբեջանի և Հայաստանի նախագահները սկզբունքորեն համաձայնել են, որ անհրաժեշտ է էական հարցերի շուրջ բանակցային գործընթացը վերսկսել:
«Հուսանք, որ կա կառուցողական տրամադրություն», - ընդգծել է դեսպան Պոպովը:
Խոսելով պաշտոնական Ստեփանակերտի՝ բանակցություններին վերադառնալու հնարավորության մասին, Պոպովը նշել է, որ որոշակի փուլում դա կարող է տեղի ունենալ, օրինակ՝ հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային պայմանավորվածությունների հասնելուց հետո:
«Իսկապես, ներկա փուլում ղարաբաղցիները բանակցություններին ֆորմալ առումով չեն մասնակցում, սակայն համանախագահների հանդիպման ընթացքում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Լեռնային Ղարաբաղում այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում», - հայտարարել է Պոպովը:
«Ենթադրում եմ, որ որոշակի փուլում՝ օրինակ շրջանակային պայմանավորվածությունների հասնելուց հետո կնախատեսվի այդ հնարավորությունը, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ բանակցային սեղանի շուրջ», - ընդգծել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը:
Հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում Մինսկի խմբի համանախագահների թիվը ընդլայնելու մասին խոսակցություններին, այդ թվում՝ Գերմանիայի հաշվին, Պոպովը պատասխանել է, որ թեման ժամանակ առ ժամանակ հայտնվում է մամուլում և սկսում ակտիվորեն քննարկվել քաղաքագիտական շրջանակներում, սակայն ոչ «եռյակի» բանակցությունների ընթացքում, ոչ կողմերի հետ, և ոչ էլ այլ միջնորդների հետ նման հարց առաջ չի քաշվել:
«Կարգավորման շուրջ պայմանավորվածությունների հասնելը կախված է ոչ թե համանախագահների քանակից, այլ փոխզիջման հասնելու՝ կողմերի պատրաստակամությունից», - ասել է նա:
«Ինտերֆաքսի» հետ զրույցում ռուսաստանցի համանախագահը, անդրադառնալով Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա ճակատագրին, տեղեկացրել է որ «այժմ ԵԱՀԿ մասնագետները զբաղվում են շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրման հարցերով»:
«Անցած շաբաթ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին փորձագիտական եզրակացությունները փոխանցել ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին, սպասում ենք կողմերի եզրակացությանը»,- նշել է դիվանագետը:
Նա նաև հիշեցրել է, որ Վիեննայի հանդիպման ընթացքում նախագահները հաստատել են հավատարմությունը կրակի դադարեցմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«ԵԱՀԿ դիտորդների կողմից ստացվող տեղեկատվության համաձայն, այդ պայմանավորվածությունը ընդհանուր առմամբ պահպանվում է, հատկապես եթե համեմատելու լինենք այսօրվա իրավիճակը ապրիլի սկզբներին ստեղծված իրավիճակի հետ»,- նշել է ռուսաստանցի համանախագահը: