Ալիևը Գերմանիայում կքննարկի նաև Ղարաբաղի հարցը

Անգելա Մերկելի և Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը Բեռլինում, արխիվ

Ադրբեջանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Բեռլինում է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա, որն այս տարի ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը։

Պաշտոնական Բեռլինն իր մանդատի շրջանակներում հայտարարում է, որ գործադրելու է բոլոր ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։

Այսօր մայրաքաղաք Բեռլինում նախատեսված են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահի բանակցությունները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի հետ միասին Ալիևը Գերմանիայի ղեկավարության հետ քննարկելու է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Իսկ մինչ այդ Ադրբեջանի նախագահը Բեռլինում արդեն մի շարք հանդիպումներ է անցկացրել։ Գերմանա-ադրբեջանական ֆորումի նախագահ Հանս-Էբերհարդ Շլայերի հետ հանդիպմանն Ալիևը գոհունակությամբ է խոսել Ադրբեջանի և Գերմանիայի միջև հարաբերություններից։ Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները։

Ալիևը գերմանացի քաղաքական գործչի հետ մտքեր է փոխանակել նաև քառօրյա պատերազմի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ու բանակցությունների ներկա փուլի շուրջ։

Ադրբեջանի նախագահը գերմանական մայրաքաղաքում հանդիպել է նաև Եվրոպայի ամենախոշոր ընկերություններից մեկի՝ Airbus Group ավիատիեզերական արդյունաբերության կորպորացիայի փոխնախագահ Ժան-Պիեռ Տալամոնիի հետ։

Ադրբեջանի նախագահին, ով գերմանական այցից ընդամենը մեկ-երկու օր առաջ կոշտ քննադատություն էր հնչեցնում Գերմանիայի իշխանությունների, մասնավորապես՝ Բունդեսթագի հասցեին, Բեռլինի «Թեգել» օդանավակայանում դիմավորել է Գերմանիայի պատվո պահակախումբը։

Ադրբեջանի նախագահի այցը տեղի է ունենում Թուրքիա-Գերմանիա լարված հարաբերությունների ֆոնին, որը պայմանավորված է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմամբ։

Մինչ Բեռլին մեկնելը, հայրենիքում ընդունելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, Իլհամ Ալիևն իր հերթին դատապարտել էր Բունդեսթագի որոշումը՝ այն համարելով քաղաքական պատվեր։

«Ադրբեջանը ևս բախվել է նման իրավիճակի», - ասում էր Ալիևը՝ հիշեցնելով անցած տարի Գերմանիայի խորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի մասին։

«Անարդար, ստի վրա հիմնված բանաձև», - հայտարարում էր Ալիևը և, հակադարձելով գերմանացի խորհրդարանականներին, վստահեցնում, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը զարգանում է։ «Նրանք, ովքեր Ադրբեջանի և Թուրքիայի դեմ նման բանաձևեր են ընդունում, պատմական և քաղաքական մեծ սխալ են թույլ տալիս», - Բեռլին մեկնելուց մի քանի օր առաջ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։