Ապրիլյան պատերազմից հետո բացահայտվեց, որ Հայաստանում անվտանգության հարցերը ևս կարգավորված չեն, իսկ կոռուպցիան գրեթե ամենուր է, ասում է այս տարեսկզբին հրաժարական տված, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։
«Քառօրյա պատերազմից հետո իշխանությունը խառնվել է իրար, հասկացել է, որ բռնվել է այն միֆում, որին անձամբ ես հավատացել եմ, որ ինչ-ինչ՝ անվտանգության հարցերը կարգավորված են: Եվ հանկարծ այսպես բռնված աշակերտի տրամաբանությամբ ենթադրում ես, որ հիմա պետք են քավության նոխազներ, որպեսզի հասարակության այդ ցասումը ավելի վերև չգնա․ գնդապետներ, մեկ-երկու գեներալներ կարելի է փակել մի տեղ լավ կամ վատ պայմաններով և մոռացվի, թե ինչ էր կատարվում դրանից առաջ կամ հենց այս պատերազմի օրերին», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի տաղավարում պնդեց մոտ 5 տարի Հայաստանի օմբուդսմենի պաշտոնը զբաղեցրած Անդրեասյանը:
Նրա խոսքով, բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները հստակ ուղերձներ էին պարունակում․ - «Սա մեսիջ է, որ մենք՝ այո, ուզում ենք պայքարել: Այս մեսիջին, կարծում եմ, դեռ քչերն են հավատում, բայց նաև սա կարող է մեսիջ լինել, որ՝ քեզ խելոք չես պահել՝ այս կամ այն ոլորտի ղեկավար, և մենք մեր պապկաները, դոսյեները սկսում ենք կամաց-կամաց հանել: Սա կարող է նաև մեսիջ լինել, որ՝ թողել էինք ուտեիք, բայց հիմա փոշմանել ենք, էն էլ՝ կոնկրետ դեպքերում, կոնկրետ ժամերով»:
Վերջին տասնամյակում կոռուպցիայի դեմ պայքարը շղարշված է ձևականությամբ, շարունակ փչվել է PR-ի փուչիկը, ասում է նախկին օմբուդսմենը, պնդելով, որ Ղարաբաղյան հարցում հաջողության հասնելու համար առաջին հերթին կարևոր է կոռուպցիայի դեմ իրական պայքարը․ - «Կարող եմ ասել, որ այսօրվա մեր պետական ապարատը բութ է և շատակեր: Հասկանալի է՝ ինչու է շատակեր, բոլորս ենք հասկանում, բայց բութ է այն պատճառով, որ առանձին խելոք ու խորամանկ մարդիկ են իշխանության տարբեր ոլորտներում ղեկին, բայց այնքան դանդալոշ, այնքան վատ մենեջմենթ է այդ համակարգում, որ որոշ դեպքերում իրենց կոնկրետ գործողությունները բթության են հասնում: Ուզում են իսկապես ինչ-որ բան շտկել, բայց անկապ, անիմաստ, բութ ձևով են դա անում: Եվ արդեն սա մի ուրիշ, մեծ խնդիր է, որ հասկանանք, թե պետական ապարատը ինչո՞ւ է այսպես դանդալոշ քայլերով գնում առաջ, երբ իրեն օր առաջ պետք է հասնել մի տեղ»:
Անդրեասյանի կարծիքով՝ կոռուպցիայի թիվ մեկ վնասը տնտեսության քայքայումն է, երբ անհավասար մրցակցային պայմանների պատճառով շահում են միայն իշխանությունների ընտանիքի անդամներն ու հարազատները․ - «Ցանկացած պետական մարմին, որ սկսում է յուրայինի օգտին գործել՝ դա կլինի իրեն տենդեր տալ, դա կլինի իրեն թույլտվություն տալ, թե կլինի մյուսին հատուկ ձգձգել ու վնասել, սա քայքայում է տնտեսական վիճակը, ներդրողները սկսում են փախնել, իրենք կորցնում են այդ տեսլականը»:
Խորհրդարանում օմբուդսմենի տարեկան զեկույցը ներկայացնելիս հանրապետական որոշ պատգամավորների հետ բանավեճի մեջ մտած Անդրեասյանը 2 ամիս անց հրաժարական տվեց, ինչից հետո մամուլը գրում էր նախկին օմբուդսմենի նկատմամբ կիրառված ճնշումների մասին։ «Ազատության» հետ զրույցում Անդրասյանը անդրադարձավ իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին հարցին․ - «Անարդարության խայտառակ զգացումն էր այն ճնշումը, որը ստիպեց ուղղակի ի վերջո հրաժեշտ տալ բավական սիրված ու ինձ համար կարևոր աշխատանքին: Որ դա և՛ անձնականին է վերաբերում, և՛ գործնականին, և՛ ամբողջ երկրում եղած իրավիճակին: Ինձ կարող էին ասել ու ասում էին շատերը՝ իսկ մտնելուց չգիտեի՞ր ինչ է լինելու: Գիտեի, ուղղակի ես միշտ ուզեցել եմ հավատալ, ավելի շատ՝ միշտ փորձել եմ հույս ունենալ, որ ինչ-որ բաներ կարող են շտկվել: Նաև այսպես է՝ պրագմատիկ եմ նայել խնդրին: Կար շանս անելու գոնե իմ արածի հիսուն տոկոսը»: