Հայաստանի խորհրդարանականների արձագանքը ԼՂ պատգամավորին ծեծի ենթարկելու միջադեպին

ԼՂ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին Ստեփանակերտում ծեծի ենթարկելու հարցն այսօր Հայաստանի խորհրդարանի ամբիոնից բարձրացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա առաջարկեց պատգամավորներին դատապարտել կատարվածը․ - «Ես կոչ եմ անում պատգամավորներին, որպեսզի մենք դատապարտող հայտարարությամբ հանդես գանք և պահանջենք, որպեսզի պարզեն ովքեր են այդ հարձակումը կատարողները և, վերջ ի վերջո, եթե մեր մյուս գործընկերոջը՝ Կարո Փայլանին թուրքական խորհրդարանում են բռնության ենթարկում, ապա մեր այս գործընկերը հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաքում է բռնության ենթարկվել: Ստեփանակերտը պետք է լինի ժողովրդավարության կղզյակ, այլ ոչ թե բռնության կղզյակ»:

Նիստը վարող Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, թեև չանջատեց Փոստանջյանի խոսափողը, սակայն հորդորեց խոսել օրակարգի շուրջ, իսկ հետո հակադարձեց՝ Ղարաբաղն անկախ պետություն է, ուստի այստեղից կոչեր հնչեցնելու կարիք չկա․ - «Մենք ո՞վ ենք, որ մենք ստեղից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը դասեր տանք: Լեռնային Ղարաբաղը ունի ընտրված նախագահ, ընտրված պառլամենտ, ընտրված իշխանություն: Եվ իրավապահ համակարգ, որը կորոշի»:

Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե բոլոր մանրամասներին առայժմ չի տիրապետում, որպեսզի կարողանա գնահատական տալ՝ բացառելով, այդուհանդերձ, թե ծեծի հետևում կարող են կանգնած լինեն Ղարաբաղի իշխանությունները․ - «Կարող են լինել սադրանքներ: Ես չեմ կարծում, որ Ղարաբաղի իշխանության կողմից նման նախաձեռնություն լինի: Դա նույնիսկ ծիծաղելի եմ համարում: Պարզապես պատկան մարմինները հետաքննություն կկատարեն, և մենք էլ կհետաքրքրվենք, իսկությունը կճշտենք»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իրենք դատապարտելի են համարում բռնությունը քաղաքակիրթ հասարակության մեջ՝ հավելելով, որ հետևում են իրավիճակի զարգացմանը, ճշտում են փաստերը և անհրաժեշտության դեպքում գնահատական կտան:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ևս ասաց, որ տեղյակ չէ միջադեպի մանրամասներին, սակայն նշեց, որ անընդունելի է համարում ներքին կռիվներն ու հակասությունները, քանի որ «առջևում ավելի լուրջ սպառնալիքներ են» և «պետք է միասնականությունը պահպանել»․ - «Դա իհարկե դատապարտելի է, եթե այդպես է․․․ ես տեղյակ չեմ: Բայց, բնական է, որ չպիտի թույլ տալ, որ ընդհանրապես գործընթացները քաղաքական դաշտից դուրս գան, տեղափոխվեն ռազբորկաների, այլ անընդունելի հարաբերությունների դաշտ: Մենք այսօր պետք է միասնականությունը մեր պահպանենք նախ և առաջ՝ հասկանալով, որ մենք ունենք ընդհանուր թշնամի, և մեր մեջ մեր էներգիան պետք չի վատնենք»:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի վերադարձին Ղարաբաղ և Պաշտպանության նախարարի պաշտոնում նրան նշանակելու պահանջին, ապա Ռուստամյանն ասաց, թե Բաբայանը կարող է օգտակար լինել Ղարաբաղի պաշտպանությանը՝ անկախ պաշտոնից․ - «Ես տեսնում եմ Սամվել Բաբայանի կարևորությունը, նրա ունեցած փորձը օգտագործելու անհրաժեշտությունը: Պարտադիր չէ պաշտոն ունենաս, որ էդ օգտակարությունն ունենաս»:

Վահրամ Բաղդասարյանի կարծիքով ևս պաշտոնը չէ, որ պետք է պարտավորեցնի մարդուն օգտակար լինել իր երկրին․ - «Ես ողջունում եմ վերադարձը Ազգային հերոսների և նման պատկառելի անցյալ ունեցող մարդկանց: Պաշտոնով չէ, որ մարդիկ պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի նկատմամբ: Ինձ թվում է, որ ցանկացած իրավիճակում յուրաքանչյուր մարդ, եթե նա ունի ներուժ և ունի փորձ, այդ փորձը նա կարող է օգտագործել իր երկրի պաշտպանության համար»: