Բակո Սահակյանը Չարենցավանում հանդիպել է թալիշցիների հետ

Լեռնային Ղարաբաղ - Թալիշ գյուղի բնակիչը իր տան ավերակներում, 6-ը ապրիլի, 2016թ․

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Չարենցավան քաղաք և հանդիպել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, առկա խնդիրներով և հետագա ծրագրերով՝ նշելով, որ այդ հարցերը մշտապես գտնվում են Ղարաբաղի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի և Չարենցավանի քաղաքային իշխանություններին՝ ծանր վիճակում հայտնված թալիշցիներին աջակցելու համար:

Հանդիպմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, այլ պաշտոնյաներ: