Փոխնախարար․ Արձանագրված 6 տոկոս ակտիվությունը մեծապես պայմանավորված է ԵՏՄ-ին անդամակցությամբ

Հայաստանյան բազմաթիվ արտադրողներ, մինչդեռ, պնդում են, որ ռուսական շուկա դուրս գալու ճանապարհին մեծ խնդիրների են բախվում:

Հայ արտադրողները դեռևս չեն կարողանում մուտք գործել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի շրջանների շուկա, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի արտահանողների միասնական տեղեկատվական պորտալի ղեկավար Յուրի Շուրիգինը։

«Իհարկե, կան խոշոր շրջանների շուկա դուրս գալու դժվարություններ, ինչպիսիք են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի շուկաները, դա փոքր-ինչ բարդ է, չնայած ընկերությունները լուծումներ են գտնում և հաջողությամբ իրենց արտադրանքը արտահանում են։ Ավելին՝ Ռուսաստանը սպասում է հայկական արտադրողներին»,- վստահեցրեց Շուրիգինը, ով այսօր մասնակցում էր Ծաղկաձորում ընթացող ԵՏՄ տարեկան տնտեսական ֆորումին:

Նա, այդուհանդերձ, համաձայն չէ փորձագիտական այն գնահատականներին, ըստ որոնց, ԵՏՄ-ն անցած մեկուկես տարում որևէ արդյունք չի արձանագրել։ «Համաձայն չեմ փորձագետների գնահատականների հետ, թե ԵՏՄ-ն նոր կառույց է, իր առաջին քայլերն է անում և այնքան արագ չի առաջ գնում, որքան ուզում էինք, կուզեինք միանգամից բարձր արդյունքներ ունենալ։ Դա կա, բայց դեռ առաջնային փուլում է, և լավ հեռանկարներ կան, դա գիտակցում են թե՛ հայկական, թե՛ ռուսական ընկերությունները»,- ասաց Յուրի Շուրիգինը։

Վերջերս էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էր հայտարարել, թե Հայաստանը դեռ չի օգտվել ԵՏՄ-ի առավելություններից։ Ավելին՝ ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԵՏՄ համախառն ներքին արդյունքը կրճատվել է 3.1 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ անցած տարին միությունը փակել էր 3 տոկոսանոց անկումով:

Չնայած այս տվյալներին, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ 2016-ի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրված մոտ 6 տոկոս տնտեսական ակտիվությունը մեծապես պայմանավորված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։

«Տնտեսական բոլոր ցուցանիշները՝ և՛ արտահանման, և՛ ներմուծման ցուցանիշները, առհասարակ բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ ԵՏՄ մտնելու որոշումն արդարացված էր»,- ասաց փոխնախարարը: Ըստ նրա, տնտեսական նման ակտիվություն Հայաստանի հարևան երկրներում չկա, հավելեց՝ ըստ ուսումնասիրությունների, տնտեսական ակտիվություն է արձանագրվել թե՛ արտահանման, թե ներմուծման ոլորտներում։ «Իհարկե, սկզբնական շրջանում խոչընդոտներ կային ու կլինեն, որովհետև մեր գործարար միջավայրը պետք է ադապտացվի նոր կանոններին։ Դրա համար ժամանակ է պետք։ Մեր կարծիքով, գնալով ավելի ու ավելի է ինտենսիվանալու մեր ապրանքաշրջանառությունը ԵՏՄ անդամ պետությունների հետ, և մեր կանխատեսումներն ավելի լավատեսական են»։

Ջերմոցային տնտեսության ֆերմերներից Գագիկ Բաբախանյանն անցած մեկուկես տարում, այսինքն՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանում, մեծ դժվարությունների է հանդիպում լոլիկն ու ելակը ռուսական շուկա արտահանելու հարցում։ Այսօրվա ֆորումին նա մասնակցում էր գործընկերներ գտնելու հույսով։ Ասում, է թե իր արտադրանքի ծավալները փոքր են ռուսական շուկայի համար։ «Ձեռնարկվում են միջոցառումներ, որ քանակություն ստեղծվի արտահանման համար։ Որովհետև ես բազմիցս բիզնես ֆորումների ժամանակ շփվում եմ հատկապես Ռուսաստանի ներկրողների հետ, նրանք խնդրում են մեծ քանակներ, կարելի է ասել՝ միջոցներ են ձեռնարկվում»։

ԵՏՄ տարեկան տնտեսական ֆորումի մասնակցող՝ Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանն իր հերթին անդրադարձավ առանց մաքսազերծման պայմանների հնարավորությանը, կարծիք հայտնելով, թե արտահանման ծավալներն աճել են, և եթե ԵՏՄ-ն ձևավորվեր մինչև Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումը, աճն ավելի մեծ կլիներ։ «Իսկ ապրանքաշրջանառության առումով՝ միանշանակ, պատկերացրեք՝ առանց մաքսազերծման, բեռները գնում և գալիս են, միայն հարկային դաշտում են աշխատում։ Այսինքն՝ այսօր գործարարը այլևս մաքսային տեսուչի հետ չի շփվում, երբ ապրանքները ներմուծում է։ Իսկապես էդպես է, ես ինքս բեռնափոխադրող եմ, և մեր բոլոր պատվիրատուները միայն հարկային պարտավորություններ ունեն»,- ասում է Առաքելյանը :