Զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ով կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, տեղափոխվել է Երևանի կայազորային հիվանդանոց: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին հոսպիտալից՝ հրաժարվելով նրա առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ տրամադրել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին, գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայականից բարձր գներով, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։