Գիրք-ընթերցող ճանապարհին մի լուրջ հանգրվան կա՝ գրադարանը, որն այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ամենաաշխույժ գրական կենտրոններից է համարվում: Խոսքը ոչ միայն և ոչ այնքան մեծ գրադարանների մասին է , այլ փոքրերի, որոնք հաճախ վերածվում են նաև ուսումնական կենտրոնի կամ ծանոթությունների, հանդիպումների, աշխույժ գրական բանավեճերի վայրի և շատ են տարբերվում մեզ մոտ գործող նմանատիպ գրադարաններից ոչ միայն այցելությունների հաճախելիությամբ, այլև, նախևառաջ, անընդհատ թարմացվող նոր, բազմաժանր գրականությամբ:
Գաղտնիք չէ, իհարկե, որ անկախության առաջին իսկ տարիներից մեզ մոտ տասնյակ ու տասնյակ գրադարաններ փակվեցին, դրանց տարածքները սեփականաշնորհվեցին: Ակնառու է հանգամանքը, որ տարեցտարի սնկի պես աճող էլիտար շենքերի, ռեստորանների ու սրճարանների կողքին մեզ մոտ նոր կառուցված թեկուզ փոքրիկ մի գրադարանի շենք չես տեսնի:
Իհարկե, գոնե մայրաքաղաքում ընթերցողները թերևս չեն կարող դժգոհել, որովհետև գործում է և համալրվում Ազգային գրադարանը, Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանը, ԵՊՀ-ի և այլ բուհերի գրադարանները, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանն ու գրադարանի մասնաճյուղերը, Խնկո-Ապոր գրադարանը, դպրոցական գրադարաններ և այլն: Եվ անզեն աչքով էլ ամեն օր կարելի տեսնել այդ գրադարանների լեցուն դահլիճները, բայց, ընդհանուր առմամբ, դժվար է ասել՝ արդյո՞ք այս ամենը բավարարար կլիներ մեկ միլիոնանոց մայրաքաղաքում, եթե մեր գրադարաններն անընդմեջ մատակարարվեին նոր գրականությամբ և այս առումով ընթերցողի համար փնտրված անկյուններ լինեին:
Մարզային ու գյուղական բնակավայրերում պատկերն, իհարկե, եթե չասենք անմխիթարական, բայց գոհացուցիչ չի կարող լինել, քանի որ եթե մայրաքաղաքային գրադարաններն են հազիվհազ համալրվում գումարների խրոնիկական բացակայության պատճառով, ապա ի՞նչ կարելի է ասել մարզային կամ գյուղական համայնքների գրադարանների մասին: Վերջին տարիներին մի շարժում սկսվեց գոնե մարզային ու գյուղական գրադարանները մեր համաքաղաքացիների կամ կազմակերպությունների նվիրատվություններով համալրելու, բայց, այնուամենայնիվ, դա լիարժեքորեն չստացվեց: Այսօր Հայաստանում բավական մեծ քանակությամբ գրքեր են լույս տեսնում, բայց դրանց մեծ մասը ընթերցողին գրադարանի միջոցով չի հասնում, գրադարանները գիրք գնելու միջոցների հարցում ստիպված են սահմանափակ հնարավորություններով առաջնորդվել:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեր զրույցի ընթացքում այս առիթով շեշտում էր՝ մարդկության բնական զարգացման կարևորագույն ձեռքբերումներից է գրադարանի ստեղծումը, որը մարդկությունը երբևէ չի կարող, պարզապես իրավունք չունի կորցնել:
«Մենք հրաժարվել ենք մարդկային զարգացման բնական ճանապարհից, մենք հրաժարվել ենք գրադարաններից: Մեր Ազգային գրադարանի ղեկավարը և Մանկական ազգային գրադարանի ղեկավարը, իմ կողմից շատ հարգված անձինք, անընդհատ նշում են ու ճիշտ են ասում, որ իրենց դահլիճները լեփ-լեցուն են: Բայց Հայաստանը երկու գրադարան չի, խայտառակություն է, որ Հայաստանում միայն երկու գրադարանների դահլիճներն են լեցուն: Հայաստանն ունեցել է 1400 համայնքային գրադարան, դեռ դպրոցականները չեմ ասում, մենք էդ համայնքային գրադարաններն ենք կորցրել:
Ես կարծում եմ, որ գյուղում ապրող իմ համաքաղաքացին, նկատի ունեմ քաղաքացիությունը, նույն հնարավորությունը պետք է ունենա, ինչն ունեմ ես, Ազգային գրադարանի շենքն ինձնից 200 մետր հեռավորության վրա է: Նա էլ պետք է գոնե 500 մետր հեռավորության վրա ունենա գրադարան և անվճար կամ մատչելի վճարով օգտվելու հնարավորություն ունենա․․․
Երբ մենք բնական ճանապարհով ստեղծված էդ ինստիտուտները ոչնչացնում ենք կամ անտեսում ենք, ինչի հետևանքով դրանք դեգրադացվում ու ոչնչանում են, ապա մենք պիտի դրա պատիժը ստանանք: Երբ դու ծառերդ կտրում ես, դու ստանում են էկոլոգիական աղետ: Եվ ինչպես բնության հանդեպ է պետք համապատասխան վերաբերմունք, այնպես էլ մարդկությանն է դա պետք: Գրադարանավարները մեր էկոլոգներն են, ու մենք էսօր էդ պաշտպանները չունենք: Որովհետև գրադարանավարն այսօր ստանում է Հայաստանում ամենացածր աշխատավարձը, հավաքարարի աշխատավարձից ցածր: Իսկ դա նշանակում է՝ Հայաստանն էդպես է գնահատում էդ աշխատանքը, ու սրա մեղավորը 20 հազար դրամ ստացող գրադարանավարը չի: Մեղավորը մենք ենք՝ հասարակությունը, որ դա թույլ ենք տվել․․․»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: