Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը և հայտարարել՝ «քառօրյա պատերազմով Ադրբեջանի նախաձեռնած արկածախնդրությունը ձախողվեց ՊԲ-ի հերոսության, պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ»:
«Արցախի անկախության ճանաչումն անխուսափելի է», - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահն ու հավելել․ - «Ադրբեջանի այս ագրեսիան ծանր հարված է հասցրել բանակցային գործընթացին ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:
Անդրադառնալով շփման գծում խաղաղության ամրապնդման ու հետաքննող մեխանիզմների ներդրման հարցերին՝ Բակո Սահակյանը հայտարարել է․ - «Նախքան քառօրյա պատերազմը մենք մեկ անգամ չէ, որ Մինսկի խմբին ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին առաջարկել ենք այս ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել: Համանախագահները փոխըմբռնումով են մոտեցել մեր առաջարկներին, սակայն Բաքվի ապակառուցողական քաղաքականության շնորհիվ դրանց իրագործումը տապալվեց»:
Այս հարցերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախօրեին բանակցություններ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը հետաքրքիր, իսկ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը գերազանց գնահատելով՝ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, որ նախարարների ուշադրությանն են ներկայացրել Կասպշիկի գրասենյակի ընդլայնման և ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծմանն առնչվող փաստաթղթերի նախագծերը: Հաղորդագրության համաձայն՝ արտգործնախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ:
ԼՂ խորհրդարանական ուժերը դեմ չեն բանակցությունների վերսկսմանը, սակայն պնդում են, որ Հայաստանը քննարկման առանցքային թեման պետք է դարձնի Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը և անվտանգության հուսալի երաշխիքները:
ԼՂ խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով հին փաստաթղթերն ու դրանցում առկա սկզբունքներն այսօր անընդունելի են:
«Հիմնական առանցքային խնդիրը պետք է խաղաղ պայմանների ապահովումը լինի և ընդհանրապես այդ հետաքննության մեխանիզմների տեղակայումը: Տեղակայումից հետո նաև հետագա քայլերը ցույց կտան: Կարծում եմ այն թեման և այն սկզբունքները, որ ներկայացված էր՝ մասնավորապես Մադրիդյան սկզբունքները, այլևս դրանցով առաջնորդվելու որևէ հիմքեր չունենք և պետք է ամեն ջանք գործադրենք նոր սկզբունքների և նոր փաստաթղթի շուրջ համապատասխան քննարկումների համար», - նշեց Իշխանյանը:
«Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանի կարծիքով, այս սկզբունքներն ամրագրելն ավելի հեշտ ու ընդունելի կլինի, եթե բանակցություններին վերականգնվի Ղարաբաղի մասնակցությունը․ - «Այն համապարփակ լուծման տարբերակը, որտեղ Արցախի իշխանությունների ստորագրությունը չի լինելու, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ լավագույն ցանկությունների դեպքում անգամ մնալու է թղթի վրա»:
«Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վարդգես Բաղարյանը նկատում է՝ մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններում տեղաշարժ կա: Նախագահների հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ խաղաղության ամրապնդման վրա։
«Հակամարտության, հատկապես ռազմական գործողությունների կասեցման ամենակարճ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է», - հավելում է նա:
Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի պնդմամբ, բանակցություններում առաջընթացի համար հայաստանյան իշխանությունների մոտ բացակայում է հստակ ծրագիր:
«Տարիներ շարունակ բանակցել են, և ոչ մի բան սկզբունքներում չեն փոխել, տարիներ շարունակ բանակցել են, և անվտանգությունը չեն ամրապնդել: Ներկայումս պետք է նպատակ դրվի Արցախի Հանրապետության ճանաչման աներկբա սկզբունքը դարձնել փաստաթղթի մաս: Եթե գնում են այդ նպատակով բանակցելու՝ արժե: Եթե նպատակ ես դնում բանակցություններով ժամանակ շահել, որպեսզի պաշտպանական համակարգեր ստեղծես՝ արժե», - ասում է Խանումյանը: