Քոքոբելյան․ ԵԱՏՄ անդամակցությունը եղել է մարտահրավեր, ոչ թե հնարավորություն

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշեց հետաձգել ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած հայտարարության նախագիծը։

Քոքոբելյանն ասաց՝ ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանն օգուտներ չունի, ակնհայտ է, որ ո՛չ տնտեսական զարգացման ակնկալիքներն արդարացան, ո՛չ էլ անվտանգությունն ավելացավ, իսկ Հայաստանը պարզապես «հայտնվեց ԵՏՄ ճիրաններում, մինչդեռ ուներ այլընտրանք»:

«Այլընտրանքը կար՝ դա Եվրամիության ուղղվածության հետ կապված այդ պայմանագրի առաջարկն էր, այն հնարավորությունն էր, որ դա պետք է բացեր», - հավելեց նա:

ՀՀԿ խմբակցությունից Արտաշես Գեղամյանն առարկեց՝ Հայաստանը դրական այլընտրանք չուներ․ - «ԵԱՏՄ-ին չանդամակցեց Մոլդովան՝ արյուն է ծորում Մերձդնեստրում, Գագաուզիայում: ԵԱՏՄ-ին չանդամակցեց Ուկրաինան՝ Դոնբասը, Լուգանսկը, էլ չեմ ասում՝ ավերածությունները: Ռուսաստանից հետ քաշվեց Վրաստանը՝ չեմ ասում Աբխազիան և Հարավային Օսիան»:

Հայաստանի նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Գեղամյանին այսպես հակադարձեց․ - «Այսինքն՝ մեր բարեկամ, եղբայր երկիրը պատրաստ է մեզ ցեղասպանության ենթարկել: Շատ ճիշտ մոտեցում է»:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ ԵԱՏՄ անդամակցությանը Գեղամյանի նշած այլընտրանքին․ - «Այստեղ ասվեց, որ տեսեք՝ Մոլդովան չանդամագրվեց ԵՏՄ-ին՝ արյուն է ծորում, Ուկրաինան չանդամագրվեց ԵՏՄ-ին՝ արյուն է ծորում, Վրաստանը չանդամագրվեց՝ արյուն է ծորում: Հայաստանի Հանրապետության արյունը չե՞ք նկատում, որ սկսել եք ուրիշների արյան դարդը լացել: Հայաստանի Հանրապետությունը անդամագրվեց ԵՏՄ-ին, և արյուն է ծորում»:

Փաշինյանը շարունակեց՝ դեմ լինելով ԵՏՄ անդամակցությանը, այժմ դեմ է, որ Հայաստանում սկսվի այդ միությունից դուրս գալու գործընթաց, քանի որ այդ դեպքում Հայաստանը կկորցնի իր ազդեցության լծակներն այդ կառույցում, մանավանդ որ այժմ խոսք է գնում Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին․ - «Բայց ես ուզում եմ ասել, որ լծակներ օգտագործելու համար պետք է նաև քաղաքական կամք ունենալ»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ԵԱՏՄ անդամակցությունից հրաժարվելու հարցը արհեստական համարեց ու հավելեց․ - «Եթե դրա անհրաժեշտությունը լինի որոշակի ժամանակ հետո, չկասկածեք, որ Հայաստանի քաղաքականը մեծամասնությունը՝ Հանրապետական կուսակցությունը, հենց ինքը արդեն այդ խնդիրը կբարձրացնի: Բայց այսօր դրա անհրաժեշտությունը որևէ կերպ չենք տեսնում»:

Քոքոբելյանը, սակայն, բուռն քննարկումներից նաև լավատեսական եզրակացություն արեց, ասաց՝ լավ է, որ նույնիսկ Եվրասիական տնտեսական միության ջերմեռանդ կողմնակիցներն այսօր ընդունում են, որ խնդիրներ կան: