Բունդեսթագի փոխնախագահ. Բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով

Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլման, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շարմազանովը բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից րոպեներ առաջ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծի ընդունումը:

Խորհրդարանի փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում:

«Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու և դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը: Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը», - ընդգծել է Շարմազանովը:

Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Էդելգարդ Բուլմահնը կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը: