Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 2-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, «Ազատության» հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ավելի վաղ ելույթ էր ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում՝ Ադրբեջան-ՆԱՏՕ նիստի շրջանակներում, և հայտարարել, որ հունիսին ակնկալում են հերթական հանդիպում՝ «որի նպատակը ստատուս քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է»:
Մամեդյարովի այս հայտարարության առնչությամբ Բալայանը նշեց, որ ինչպես ավելի վաղ Ազգային ժողովում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդամենը տեղի են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Արտգործնախարարը Ազգային ժողովում նաև հայտարարել էր, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու հետ կապված հարցեր: Ընդ որում, Նալբանդյանը նշել էր, որ բանակցությունները վերսկսելու համար պետք է լիովին կատարվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ՝ ստեղծվի հրադադարի խախտումների մշտադիտարկման հնարավորություն, ընդլայնվեն ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, և բացառվեն այնպիսի զարգացումները, ինչպիսիք եղան ապրիլի սկզբին: