Մամեդյարով․ Ալիև-Սարգսյան հաջորդ հանդիպման նպատակը «նշանակալի առաջընթացի հասնելն է»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր ելույթ է ունեցել Հյուսիսատլանտյան խորհրդում՝ Ադրբեջան-ՆԱՏՕ նիստի շրջանակներում, որում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցին:

«Հակամարտության կարգավորման համար հայկական զորամիավորումները պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- հայտարարել է Մամեդյարովը:

«Մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Վիեննայում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Մենք ակնկալում ենք, որ հունիսին տեղի կունենա հերթական հանդիպում, որի նպատակը ստատուս քվոյի փոփոխության հարցում նշանակալի առաջընթացի հասնելն է», - ասել է ադրբեջանցի նախարարը:

Մամեդյարովը իր ելույթում միջազգային հանրությանը կոչ է արել «Հայաստանից պահանջել հարգել իր միջազգային պարտականությունները, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Խոսելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունից՝ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ այդ համագործակցությունը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի ռազմական անվտանգության համակարգի ձևավորման և Դաշինքի ուժերի հետ երկրի զինված ուժերի օպերատիվ համատեղելիության ամրապնդման հարցերում: