Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զրուցել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ:
ՌԴ արտգործնախարարը կարծիք է հայտնել, թե Ուկրաինայի իշխանությունները շրջանցում են Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցով ստանձնած պարտավորությունները: Դա, Լավրովի խոսքերով, հասկանում են արդեն թե՛ Գերմանիան և Ֆրանսիան, որոնք մասնակցում են Ուկրաինայի հարցով բանակցություններին «Նորմանդական ձևաչափի» շրջանակներում, և թե՛ անգամ Միացյալ Նահանգները:
«Հիմա հանկարծ անվտանգության թեման դարձավ նախագահ Պորոշենկոյի համար ամենագլխավոր հարցը, ընդ որում՝ ոչ միայն կրակի դադարեցումը, այլև Դոնբասի ամբողջ տարածքում ինչ-որ միջազգային ուժերի կողմից անվտանգության ապահովումը», - ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ նման տեղակայում Մինսկյան համաձայնություններով չի նախատեսվում, և որ Դոնբասը երբեք դրան չի գնա:
Բացի այդ, Լավրովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում անվտանգության ապահովում չի հաջողվի, քանի դեռ լուծված չեն ճգնաժամի քաղաքական ասպեկտները:
Այդ ասպեկտների, ինչպես նաև Դոնբասի հատուկ կարգավիճակի և այնտեղ ընտրությունների անցկացման շուրջ պայմանավորվածությունը, ըստ Լավրովի, Կիևը պետք է ձեռք բերի ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի իշխանությունների հետ: