Շանթ Ոսկերչյան․ «Թող ասեն ի՞նչ հանցանք ունեի ես»

Մոտ մեկ տարի շարունակ Հայաստան մուտք գործելու իրավունքից զրկված ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանը, ով այս օրերին Երևանում է, դատական կարգով փոխհատուցում է պահանջում Հայաստանի ԱԱԾ-ից:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը 2015 թվականի մայիսից Ոսկերչյանի տվյալները ներառել էր ՀՀ-ի համար անցանկալի օտարերկրացիների ցանկում, պատճառաբանելով, որ նա կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը:

«Դատի տվի Ազգային անվտանգության ծառայությանը պարոն Սաքունցի՝ Հելսինկի ասամբլեայի միջոցով: Իրենք առաջին դատին պնդում էին, թե ես դեռ անբաղձալի անձ եմ, երկրորդ դատին որոշում հայտնեցին, որ իրենք էդ որոշումը ջնջում են, այլևս այդ հանգամանքները չկան», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ոսկերչյանը:

ԱԱԾ ներկայացուցիչը ապրիլի 27-ին կայացած դատական նիստում հայտարարել էր, թե վերացել են ֆրանսահայ Ոսկերչյանի մուտքի արգելքի հիմքերը:

«Բայց թե կոնկրետ ո՞ր գործողությունների, ի՞նչ տեսակի հիմնավորումներ ունի պետությունը ի դեմս Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ այդպես էլ մենք չիմացանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարչական դատարանում Ոսկերչյանի ներկայացուցիչ, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավաբան Անի Չատինյանը:

Ոսկերչյանը, ով մինչև Հայաստան մուտք գործելու իրավունքը վերականգնելը տասնյակ դռներ էր թակել՝ Բաղրամյան 26-ից մինչև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակ, պահանջում է հստակ պատասխան տալ իր հարցերին․ - «Դատը շարունակվում է, մենք պահանջում ենք՝ թող ասեն ի՞նչ էր, ի՞նչ հանցանք ունեի ես, որ դուրս դրին, և ի՞նչ եղավ, որ արգելքը հանեցին: Մենք պահանջում ենք նաև փոխհատուցում: Ես եկել եմ, ծախսեր արել եմ, 12 ժամ հետո ետ են ուղարկել»:

Սփյուռքահայ գործիչը բազմիցս դիմել էր նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին, առիթ ունեցել զրուցելու նաև աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի հետ:

«Եթե էդ ճնշումները չլինեին դրսից, չեմ կարծում, որ իրենք ինձ թույլ տային ետ վերադառնալ: Ախր՝ իրենց համար բոլոր ընդդիմախոսները ազգային անվտանգությանը սպառնում են, բայց ըստ իս՝ 25 տարի այս երկիրը կառավարողներն են սպառնում Հայաստանի անվտանգությանը և իրենց վարած քաղաքականությունը հայաթափության պատճառն է: Իրենք են բուն վտանգը», - ասում է Ոսկերչյանը:

Ոսկերչյանը հաճախ քննադատում է Հայաստանի իշխանություններին տարբեր առիթներով, իսկ երբեմն էլ Փարիզում բողոքի ակցիաներ կազմակերպում ընդդեմ ընտրակեղծիքների կամ ի պաշտպանություն ազատազրկված Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի, վերջերս էլ՝ ի աջակցություն Ղարաբաղի։

«Վստահ եմ, թե քաղաքական հալածանք է եղած իմ դեմ: Միայն ու միայն իմ միտքերուս պատճառով է, որ ինձ էս չակերտյալ պատիժը տվին, կարծելով, որ ես ամեն բան պիտի թողնեմ, վազ անցնիմ: Ընդհակառակը, ես ալ ավելի իմ համոզմունքներուս մեջ զորացա», - ասում է ֆրանսահայ գործիչը:

Վերջերս Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատների առջև ընդդեմ Ադրբեջանին զենքի վաճառքի բողոքի ակցիաներ կազմակերպած Ոսկերչյանին շատ մտահոգել են ապրիլյան իրադարձությունները և 800 հեկտարի կորուստը․ - «Սկիզբը 300 հեկտարի մասին են խոսում, երբ որ Ժիրայր Սեֆիլյանը բացահայտեց, որ 700 էր, ինքը ելավ՝ ըսավ հիմա 800 հեկտար ենք կորսնցուցրել, բայց այդ հեկտարները կարևոր նշանակություն չունին: Էդ հողերը Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղի կպատկանեն, ուրեմն ինքը սկզբունքով պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը ապահովե»: