Միության նախագահ Արամ Սաթյանը նշեց, որ այդ փառատոների ընթացքում հնչող ստեղծագործությունները, գումարվելով միջին և ավագ սերնդի կոմպոզիտորների ստեղծագործություններին, ներկայացնում են հայ ժամանակակից երաժշտության համայնապատկերը:
«Մեր մոտ գնում է երեք ուղղությամբ․ մեկը պահպանողական, որը շարունակվում է հին ավանդույթի վրա, մեկը նորարարական, որը կապված է ավելի շատ եվրոպական մտածողության հետ, և երրորդ տենդենցը դա այն է, որ փորձ է կատարվում հայ կոմպոզիտորների կողմից սինթեզել հինն ու նորը, ստեղծել ինչ-որ նոր ժանրեր, նոր մտածողություն և նոր մոտեցումներ: Դրանց մեջ կան ստեղծագործություններ, որոնք բարձրարժեք են, որոնք կարող են դուրս գալ միջազգային ասպարեզ», - ասաց Արամ Սաթյանը:
Շատ է խոսվում, թե այսօրվա երիտասարդ ստեղծագործողները՝ կոմպոզիտորները, նկարիչները, գրողները, դերասաններն ու բեմադրիչները, չափազանց բարձր ինքնագնահատական ունեն՝ հաճախ շեշտելով, թե հանրությունն իրենց չի հասկանում, և ունկնդիր կամ ընթերցող ունենալը պարտադիր չէ:
Սաթյանն ասաց, որ խորհրդային տարիներին, օրինակ, այդպես չէր՝ թեև չբացառեց, որ դա կարող է օբյեկտիվ պատճառներ ունենալ․ - «Բոլոր ժամանակներում արվեստագետը հասարակությունից վեր էր: Եթե մենք այսօր ասում ենք մեղեդայնություն սրա մոտ կամ նրա մոտ․ մեղեդիները փոխվել են, մեղեդու կառուցվածքն է փոխվել, ամեն ինչի մեջ կարելի է գտնել մեղեդի՝ եթե ցանկություն կա: Ուղղակի, երբ խոսում ենք հանճարեղ կոմպոզիտորների մասին, նա հաստատեց իր արվեստով հենց իր արածը: Արվեստը կամաց-կամաց գնում է առաջ: Ես, օրինակ, ձգտում եմ չխոսել ապագա արվեստի մասին, որովհետև ոչ մեկը չգիտի, թե ինչ կլինի ապագա արվեստը կամ երաժշտությունը»:
Անդրադառնալով դասական երաժշտության ունկնդրին, արվեստասերին՝ Արամ Սաթյանն ասաց․ - «Ի՞նչ է կատարվել վերջին քսան-քսանհինգ տարվա մեջ, շա՞տ է կատարվել այդպիսի երաժշտություն: Ո՛չ: Ռաբիսը շատ է կատարվել, դրա համար ռաբիսը մտավ ականջների մեջ, սկսեց դառնալ սիրելի: Մի բան, որ անընդհատ հնչում է, կատարվում է, դա դառնում է նաև կողմնորոշիչ»: