Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է երեք անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։
«Զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ», - ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեն տեղեկացնում է, որ մեկ այլ քրեական գործով պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: