Իլհամ Ալիևը շաբաթ օրը հայտարարել էր, թե Ադրբեջանի պետությունն ու ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որ իր պատմական հողում ձևավորվի երկրորդ հայկական պետությունը:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը Ալիևին խորհուրդ տվեց գոնե դպրոցական դասագրքերն ընթերցել․ - «Միգուցե Ալիևը նկատի ուներ, որ ավելի ճիշտ և տրամաբանական է, որ Արցախը վերամիավորվի մայր Հայաստանի՞ն: Իսկ եթե ավելի լուրջ, մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ում են պատկանում այդ հողերը թե՛ պատմականորեն և թե՛ իրականության մեջ․․․ Եվ հենց այս տարի մենք նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակը: Թե ում են պատկանում այս հողերը, ինչպես իրենք ասում, այդ մասին վկայում է ամեն մի խաչքար»:
«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը լուրջ չի ընկալում Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը՝ նրա ելույթը համարելով սեփական ժողովրդին հաճոյանալու դրսևորում․ - «Կարևորը փաստերն են: Եվ կարևորը քո կամքը փաստացի ձևակերպելն է: Մնացածը․․․ դեկլարատիվ հայտարարությունների ոճը կարելի է պահել անկախության տոներին»:
Իլհամ Ալիևը նաև հայտարարել էր, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ հավելելով, որ դրանից հետո Լեռնային Ղարաբաղում հայերը կարող են շարունակել ապրել նույն ձևով:
Անհեթեթ որակելով այս խոսքերը՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը հիշեցրեց, որ ընդամենը ամիսուկես առաջ էր Ադրբեջանը ռմբակոծում Ղարաբաղի դպրոցները, կտրում տարեց ղարաբաղցիների ականջները․ - «Հերթական բարբաջանքն է պարոն Ալիևի: Ոնց որ 93 թվականին իրա հայրը հարձակվեց, համոզվեց, որ հնարավոր չի ռազմական ճանապարհով լուծի, համաձայնեց ընդհուպ մինչև Ղարաբաղից հրաժարում: Հայրը նաև տղային խորհուրդ ա տվել երևի, այդ խորհուրդները կհիշի»:
Երեկ ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ասել էր, որ իր գրասենյակի ընդլայնմանն ուղղված աշխատանքներն առաջ են ընթանում, և առաջիկա օրերին Վիեննայում ԵԱՀԿ անդամ երկրներին է ներկայացնելու գրասենյակի ընդլայնման բյուջեն և վերջնական եզրակացությունը:
Ղարաբաղում ողջունում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման փաստը՝ միևնույն ժամանակ նշելով, որ բացարձակ խաղաղություն այն հաստատել չի կարող:
Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով, մշտադիտարկման աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար Կասպշիկը պետք է նախ իր գրասենյակը բացի Լեռնային Ղարաբաղում․ - «Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները նույնպես իրենց մշտական դիվանագիտական ներկայացուցչությունները բացեին Ստեփանակերտում և փորձեին հակամարտության կողմերից մեկի՝ կարևոր կողմի հետ մշտական հարաբերությունների մեջ լինել»: