Հայ-արգենտինական մշակութային կապերը խորանում են

Դրանք սկսել են տարածվել ոչ միայն երաժշտության, այլև գրականության և թատրոնի ոլորտում։

Հայաստանում է և այս օրերին համերգներով Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալիս արգենտինացի հայտնի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն՝ ներկայացնելով արգենտինական հանրահայտ տանգոն։

Հայ-արգենտինական մշակութային կապերը սկսել են տարածվել ոչ միայն երաժշտության, այլև գրականության և թատրոնի ոլորտում։

Օրերս Արգենտինայից վերադարձավ գրող, արձակագիր Հովհաննես Երանյանը, որի հատընտիր ժողովածուն թարգմանաբար առաջիկայում կհրատարակվի Արգետինայում։ Իսկ անցյալ տարի Բուենոս Այրեսի հրատարակություններից մեկը թարգմանաբար տպագրել էր Լևոն Խեչոյանի և Հովհաննես Երանյանի ստեղծագործությունների համատեղ ժողովածուն՝ «Լարն աննկատ է խոտերի մեջ» խորագրի ներքո։ Այդ գրքի տպագրությունից հետո արգենտինացի դրամատուրգ, ռեժիսոր Կառաչոլոն վճռում է բեմականացնել գրքում տպագրված Հովհաննես Երանյանի պատմվածքներից մեկը, որի պրեմիերային էլ հրավիրվել է մասնակցելու նաև հեղինակը՝ Հովհաննես Երանյանը։

«Ասեմ, որ ես եղա պրեմիերային, ինձ համար կարևոր էր, որ սա միայն հայկական շրջանակ չէր, հանդիսատեսի 7-10 տոկոսն էլ հայեր չէին, տեղացիներ էին ու շատ մեծ դահլիճ էր, մոտ 250 տեղանոց, բայց մոտ 50 հոգու չափ էլ մարդիկ կային ոտքի վրա և ասացին, որ մի 100 հոգի էլ չեն տեղավորվել, գնացել են։ Հիմա իրենք խաղում են, շաբաթը երեք ներկայացում ունեն, որ մտադիր են նաև Հայաստան բերելու, Եվրոպա շրջելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երանյանը։

Հովհաննես Երանյանի այցը համընկել է նաև Բուենոս Այրեսի հանրահայտ գրքի փառատոնին, որի շրջանակում բացվել է հայկական տաղավարը ևս։ Այն ներկայացրել է Հայաստանից ժամանած գրողը, և հենց ամենամեծ տպավորությունն էլ Հովհաննես Երանյանը ստացել է Բուենոս Այրեսի գրքի փառատոնից։

«Իմ ամենամեծ տպավորությունները, ամենացնցող տպավորությունը ստացել եմ գրախանութների քանակից և ժողովրդի գրասեր, գրքասեր լինելու փաստից։ Սովետական շրջանում մի քիչ ձևական բան կար՝ գիրքը սիրելի էր, բայց նաև առնում էին որպես կահույքի մաս։ Մեզ մոտ ինչքան դեղատուն կտեսնես ամեն քայլափոխին, այնտեղ գրատուն կտեսնես։ Տեսա, որ սիրում են գիրքն ու առնում են։ Գրքի տոնավաճառը, որ կար այնտեղ, կիլոմետրանոց հերթեր էին», - ասաց Երանյանը։