Կոռուպցիայի դեմ պայքարն այս իշխանության համար նույն բանն է, ինչ որ կտրես այն ճյուղը, որի վրա նստած ես, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով. - «Դա է պատճառը, որ մենք համարում ենք նրանց քայլերն իմիտացիոն և ոչ էլ իմաստ ենք տեսնում նրա մեջ, որ իրենց հետ քննարկենք կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը»։
Եթե իշխանությունները վերացնեին մենաշնորհները, ապա, ըստ Զուրաբյանի, անմիջապես սպառման ապրանքների գները 25-30 տոկոսով կընկնեին։ «Եթե դա չի լինում, նշանակում է, որ իշխանությունը ստում էր, զբաղված էր իմիտացիայով։ Իսկ գները ոչ միայն չեն ընկել, այլև էս վերջին օրերին բենզինը 10 դրամով թանկացել է, և նշանակում է, որ ոչ մի պայքար չկա կոռուպցիայի, մենաշնորհների դեմ և չի էլ կարող լինել այս իշխանությունների պարագայում», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իշխանությունները պետք է ընտրեն՝ գնալ վստահություն ձեռք բերելո՞ւ, թե՞ վստահելիության վերջին հատիկները, փշրունքները կորցնելու ուղղությամբ․ - «Իմ գնահատականը հիմա հետևյալն է, որ իշխանությունների վրա կան շատ լուրջ ճնշումներ։ Դա կարելի է ոչ թե ճնշում համարել... Գիտե՞ք ինչ, երբ որ իշխանությանը շատ պարզ ասվում է, որ պետք է կա՛մ քաղաքական կամք ցույց տաք այս հարցում, կա՛մ արդեն շատ լուրջ հետևանքների բախվեք՝ կապված նրա հետ, որ միջազգային հանրությունը տարբեր իր ֆորմատներով ուղղակի կդադարի Հայաստանին լուրջ վերաբերվել և նրա հետ տարբեր ձևաչափերով, այդ թվում նաև՝ տնտեսական, էլեկտրոնային կառավարման, տարբեր բնագավառներում բարելավման գործում կդադարի համագործակցությունը, դա նշանակում է շատ լուրջ կորուստներ, իսկ այն վիճակում, որում այսօրվա իշխանությունները հայտնվել են, դա լուրջ սպառնալիք է իրենց գոյության համար։ Եվ նրանք պետք է ընտրեն՝ որ ուղով են գնում՝ արդյոք գնում են վստահություն ձեռք բերելո՞ւ ուղղությամբ, այսինքն՝ որ միջազգային հանրությունը նրանց հետ հաշվի նստի որպես վստահելի գործընկեր, իսկ դրա համար նրանք պետք է գան համաձայնության ընդդիմության հետ և քաղաքացիական հասարակության հետ, թե՞ գնում են իրենց վերջին հատիկները, փշրունքները վստահելիության կորցնելու ուղղությամբ»։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունները սպառված են։ «Սպառված են առաջին հերթին գիտե՞ք ինչ պատճառով, որովհետև, եթե զբաղված էին կոռուպցիայով, եթե զբաղված էին ընտրակեղծարարությամբ, դա դեռ ինչ-որ չափով հանրությունը ենթագիտակցաբար ներում էր՝ մտածելով, որ գոնե Ղարաբաղը պահում են, բայց եթե անվտանգության կազմակերպման հարցում էլ նրանք կորցրել են իրենց վստահությունը մեր հանրության ներսում, դա նշանակում է, որ լեգիտիմության վերջին մնացորդները կորցրել են, իսկ Հայաստանին դա բերելու է շատ ծանր վիճակի մեջ», - ասաց Զուրաբյանը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունը չի կարող շարունակել կառավարել նույն ձևով, պետք է հիմա գտնի համոզիչ լուծումներ, որոնք և՛ հանրությունը կընկալի, և՛ միջազգային հանրությունը կընկալի։ «Ընտրական օրենսգրքում համաձայնության հասնելուց ավելի լավ միջոց էս պահին ուղղակի գոյություն չունի, որովհետև, ըստ էության, կարելի է դա անել։ Ով որ այս գործընթացի մեջ կա, նրանք տեսնում են, որ դա կարելի է անել, որ միևնույն է՝ առանց բոլորի համաձայնության ոչ մի պայմանագիր, ոչ մի բան չի կայանա, ոչ մի համաձայնություն տեղի չի ունենա», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մայիսի 29-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․