Նախագահը հանձնել է հետմահու շնորհված պետական պարգևները

Հետմահու պարգևատրված զինծառայողների հարազատները ՀՀ նախագահի նստավայրում, 28-ը մայիսի, 2016 թ․

Հանրապետության տոնի կապակցությամբ, Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին է հանձնել «Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները»:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սարգսյանն իր խոսքում ընդգծել է՝ «երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին»:

«Որպես կանոն նման դեպքերում ես իմ խոսքը սկսում եմ «Սիրելի՛ պարգևատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է: Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանք պարգևատրվում են հետմահու: Պիտի խոստովանեմ, որ հոգեբանորեն սա ամենածանր պարտականություններից է, որ ես պարբերաբար կատարում եմ»,- պարգևների հանձնման ժամանակ ունեցած իր ելույթում, մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը: