Շարմազանով. Շատ լավ է, որ Բաբայանը վերադարձել է

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Շատ լավ է, որ Բաբայանը վերադարձել է։ Ավելի լավ է, որ վերադառնում են, այլ ոչ թե հեռանում են: Հինգշաբթի օրը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի Հայաստան վերադարձի մասին։

«Միշտ մայր Հայաստան վերադառնալը ես դրական եմ գնահատում, անկախ նրանից՝ շարքային զինվոր է վերադառնում, քաղաքացի է վերադառնում, թե՝ Արցախի հերոսամարտի գեներալ», - ասաց Շարմազանովը։

Վերադառնալով Հայաստան՝ Սամվել Բաբայանը «7 օր» կայքին տված հարցազրույցում ասել է, որ առաջիկայում պատրաստվում է ուղևորվել Լեռնային Ղարաբաղ: «Մի քանի օրից ես կգնամ Ղարաբաղ, քանզի իմ վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում եմ հենց այնտեղ: Մնացածը ժողովրդի որոշելիքն է», - ասել է ԼՂ զինված ուժերի նախկին հրամանատարը:

Բաբայանը նաև ասել է, որ արտերկրից հետևել է «հայկական ու ադրբեջանական բանակների վիճակին, ռազմաքաղաքական զարգացումներին»: Չմանրամասնելով՝ նա եզրակացրել է, որ «այսօր իրավիճակը մտահոգիչ է»:

Հարցազրույցում Բաբայանը պնդել է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ մինչև ապրիլյան թեժ մարտերը Հայաստանի քաղաքական վերնախավի օրակարգում անվտանգության խնդիրը գլխավորներից չէր համարվում։ «1994-ին պատերազմը, ցավոք, չի ավարտվել։ Այլ հարց է, որ հաղթանակը դրանից հետո մսխվել է, իսկ հանրությանն էլ համոզել են, թե ամեն ինչ կարգին է։ Լավ է, որ այսօր այդ մասին արդեն Հայաստանում հասկանում է մեծամասնությունը», - ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը:

Շարմազանովը հակադարձեց՝ նշելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը եթե լուրջ ուշադրություն չդարձնեին անվտանգության համակարգին, դժվար թե Ադրբեջանի բանակը ֆիասկո ապրեր։

«Անկախ ձեր նշած գործչի մեկնաբանություններից, հայտարարություններից և քննադատություններից, մեր կարծիքը քառօրյա պատերազմի վերաբերյալ արդեն ասել ենք։ Հարգարժան իմ գործընկերոջը ևս մեկ անգամ տեղեկացնեմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուրջ ուշադրություն չդարձնեին անվտանգության համակարգին, դժվար թե Ադրբեջանի բանակը ֆիասկո ապրեր», - ասաց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով. - «Քանի որ մենք ժողովրդավարական արժեքներ կրող ենք, հարգարժան պարոնն ունի իր կարծիքը, բայց հարգելով իր կարծիք արտահայտելու իրավունքը, իրականությունն այլ է, ըստ իս»։

«Պարոն Բաբայանը չի դիմել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին՝ մտնելու ծառայության, այլ բան չեմ կարող ասել, դա բացառապես յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում նաև Սամվել Բաբայանի իրավունքն է՝ ինչով զբաղվել Լեռնային Ղարաբաղի օրենքի շրջանակներում», - ասաց Էդուարդ Շարմազանովը: