Մեղրիի զորամասում մեկ տարի ծառայելուց հետո հոգեկան հիվանդության պատճառով ծառայությունից ազատված 19-ամյա Արթուր Հակոբյանի ընտանիքը պնդում է, որ իրավապահները փորձում են կոծկել քրեական գործը։
Զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով քրեական գործի հարուցումից կես տարի անց դեռ որևէ մեղադրյալ չկա։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախաքննությունը շարունակվում է։
Առողջ բանակ զորակոչվելուց հետո հոգեկան խնդիրներով տուն վերադարձած Արթուրի մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը, զայրացած ասում է, որ գործը ուզում են փակել, քանի որ զինվորին, ըստ իրենց, ծեծի ենթարկած ու նրա հոգեկան հիվանդության պատճառ դարձած գումարտակի հրամանատարին չեն ուզում պատասխանատվության ենթարկել։
«Նախաքննության փուլում ա, որովհետև իրանք ընկել են փորփրում են հըլը իրանց կարծիքով, որ ինչ-որ հիվանդություն կգտնեն մեր ազգության մեջ, որ կկառչեն դրանից: Որ սառացնեն, փակեն-գնա գործը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Անցած նոյեմբերին զինվորի ընտանիքը նրա ծառայակիցներից էր տեղեկացել, որ Արթուրին Մեղրիից տեղափոխել են Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք։
Իրեն այցելած մորաքրոջը Արթուրը չէր ճանաչել։ Ռիտա Հակոբյանը հիշում է, որ գիտակցությունը տեղը չէր և պարբերաբար կորցնում էր հիշողությունը, և մեծ դժվարությամբ կարողացել էր պատմել, որ իրեն ծեծի է ենթարկել գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը։
«Էրեխեն ասում ա՝ ինքը ընգած ա իմ հետևից, ասում էր ծառայությունը թթվցնելու եմ վրեդ», - փոխանցեց Արթուրի հորաքույրը:
Զինվորի մորաքույրը ցույց է տալիս կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը, ըստ որի Արթուրը հոգեկան հիվանդություն է ձեռք բերել ծառայության ընթացքում եւ որ պիտանի չէ խաղաղ պայմաններում ծառայության համար․ - «Նշանակում է, որ իրանք են տենց արել: Իմ էրեխուն ես հարյուրտոկոսանոց եմ տվել իրանց, 88 կաբինետ ա անցել: Դարձրել են, այո, հոգեկան հիվանդ: Հիմա ինքը շատ հաճախակի ուշագնացություններ ա ունենում, ստրեսի մեջ ա ընկնում»:
«Ազատության» հետ զրույցում Արթուրը ասաց, որ չի ուզում հիշել իր հետ կատարվածը։ Դրանից հետո չի կարողանում քնել, վախեցած է։
Այժմ Ավանի հոգեբուժական դիսպանսերում գրանցված երիտասարդը բուժում է ստանում։ Նրա ընտանիքը հաստատակամ է՝ անելու են հնարավորը, որ մեղավորները պատժվեն։ Չնայած Ռիտա Հակոբյանն ասում է՝ դժվար կլինի իրենց համար, լսել է, որ գումարտակի հրամանատարը ամուր թիկունք ունի․ - «Լուրեր ա պտտվում, որ էդ մարդը իրա մեջքին նենց մի հատ մարդ ունի, որ իզուր ես դու բողոքում, մեկ ա, փակվելու ա ու սենց գնա»:
Անդրադառնալով ընտանիքի այս պնդումներին՝ պաշտպանության նախարարի խոսակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ դեպքի վերաբերյալ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գումարտակի հրամանատարին հասցեագրվող պնդումների առնչությամբ։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն, ով ամիսներ առաջ այցելել էր հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժվող Արթուրին, պնդում է, որ զինվորի հետ կատարվածը կոնկրետ հովանավորչության օրինակ է․ - «Սա տիպիկ հովանավորչության դեպք է: Սպան երևի ինչ-որ մեկի բարեկամն է, ինչ-որ մի բարձրաստիճան գեներալի հովանավորության տակ է գտնվում: Որևէ մեկը չի մտահոգվում զինվորի կյանքի համար»:
Ուշագրավ է, որ ամիսներ առաջ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Արթուր Հակոբյանի մոտ զորամասից հոսպիտալացվելիս և Երևանի կայազորային հոսպիտալ ընդունվելիս մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Մինչդեռ զինվորի մորաքույրն ասում է, որ սեփական աչքերով էր տեսել զարմիկի պարանոցի շրջանում առկա կապտուկները։