Բունդեսթագի փոխնախագահ․ Ցեղասպանության ճանաչումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը

Լուսանկարը՝ ԱԳՆ-ի

Մայիսի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելիք Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի նախագծին: Նախարար Նալբանդյանը նշել է, որ այս բանաձևի ընդունումը նշանակալի քայլ կլինի պատմական արդարության վերականգնման և նման հանցագործությունների կանխարգելման գործում: Այս առումով Բունդեսթագի փոխնախագահն ընդգծել է, որ Ցեղասպանության ճանաչումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցմանը։ Բունդեսթագի փոխնախագահի բնորոշմամբ՝ Գերմանիայի օրենսդիր մարմինը պետք է գնահատական տա Գերմանական կայսրության դերին, քանի որ Գերմանիան այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը և չի կանխել կատարված ոճրագործությունները։

Հայաստանի արտգործնախարարն ու Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր։