«Ոչ մի մետր հող չի կորելու»,- «Ազատության» հետ զրույցում վստահեցնում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառնալով հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած 800 հեկտար տարածքին: Մովսիսյանը ապրիլի 2-ից սկսած շուրջ ամիսուկես բանակի կազմում գտնվել է Ղարաբաղում և նոր է վերադարձել Երևան: Ասում է՝ մի օր բոլոր այդ տարածքները ետ են վերադարձնելու:
«Հանրապետության նախագահը բացեիբաց չպիտի ասի՝ որը որից հետո ա: Մի օր աչքերդ կբացես՝ կտեսնես, որ էդ դիրքերը տեղում են: Մի մետր էլ հող չի կորելու, ավելանալու ա, չի պակասելու: Նախագահը հո չի՞ ասի՝ մենք կխփենք, կվերցնենք: Ամեն ինչ իրա հունով գնում ա: Աչքերդ կփակես կբացես, մի լավ օր կլսես, որ էդ դիրքերն արդեն մեր փառապանծ զինվորների ձեռքում ա, և առանց զոհերի»,- ասում է Մովսիսյանը:
1990-ականներին ղարաբաղյան պատերազմին մասնակցած Առաքել Մովսիսյանը վստահ է՝ եթե ադրբեջանական կողմը կրկին փորձի կրկնել այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ապա այդ դեպքում հայկական կողմը կանգ չի առնելու, և մարտական գործողություններն էլ միայն դիրքեր վերցնելով չեն ավարտվելու: «Ավելի վատ կլինի իրանց համար, շատ վատ կլինի: Ոչ թե այ սենց վատ, ավելի վատ: Էդ վախտ, Աստված տա իհարկե, կամ Թարթառում, կամ Հորադիզում, կամ Միրբաշիրում, կամ Կիրովաբադում քեֆ կանենք, եթե մի հատ էլ շշկռվեն»,- ասում է Մովսիսյանը:
Հանրապետական պատգամավորը վստահեցնում է, որ ինչպես ապրիլյան ամենաթեժ օրերին, այնպես էլ դրանից հետո եղել է զինվորների կողքին՝ կատարելով հրամանատարական կազմի հրահանգները: Թե կոնկրետ մարտական ինչ գործողությունների է մասնակցել՝ այս հարցին ի պատասխան, Առաքել Մովսիսյանը հրաժարվում է մանրամասներ ներկայացնել: «Ես ձեզ կարող եմ նկարներ ցույց տալ, որ խրամատ էլ եմ քանդել, ես ինքս, այս օրերին: Էսօր ամեն ինչ պետք ա անես ի օգուտ զինվորի, որ մի բանով պիտանի լինենք: Թե չէ էթալ գառ ուտել, ուտել խմել, հետ գալ, ասել՝ ես գիտե՞ս ինչեր եմ արել․․․ ոչ: Ամեն ինչ արել եմ, ինչ հրահանգ իջեցվել ա՝ ամբողջը կատարել ենք, ես ձեզ չեմ կարող գաղտնիքները բացահայտել․․․»:
Նշենք, որ համացանցում բացասական արձագանք էր ստացել հանրապետական պատգամավորի մասնակցությամբ տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Առաքել Մովսիսյանը ծխախոտի տուփեր նետում զրահամեքենաներով անցնող զինվորների ուղղությամբ: Նա վստահեցնում է՝ վատ բան չի արել՝
«Ծխախոտը Երևանի կենտրոնում չէինք բաժանում, իմ սրտի ցանկությամբ դիրքերում տանկերին մի-մի բլոկ սիգարետ տվեցի, վատ բան ե՞մ արել: Կարող ա՞ Երևանում եմ տվել: Ջաբրաիլում դիրքում տալիս եմ զինվորին, մեր հայ զինվորին, վատ բան ե՞մ արել: Ու 24 ժամ ամիսուկես իրանց հետ աղուհաց եմ կիսել, և որպես հրամանատար, կողքներին եմ էղել»:
Մովսիսյանը նաև պնդում է, որ ինքը չի տարածել տեսանյութը: «Ես որ տարածող լինեի, սաղ իմ զորքը, ամենաթեժ տեղերից նկարներ ունեմ․․․մի հատ կամանդ եմ տվել՝ տղերք, մենք չենք եկել անուն հանելու, եկել ենք մեր երեխաների կողքին մի բանով, թեկուզ մի հատ փոս փորելով, մի հատ մագազին զապրավկա անելով օգուտ տանք»:
Այսօր խորհրդարան էր վերադարձել նաև վերջին շրջանում Ղարաբաղում գտնվող մեկ այլ պատգամավոր՝ նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը: 1990-ականների պատերազմին մասնակցած այս պատգամավորը նույնպես պնդում է՝ հայկական կողմը վաղ թե ուշ ետ է բերելու կորցրած դիրքերը, նաև ասում է, որ դրանք լուրջ դերակատարություն չունեն: Գասպարյանի համոզմամբ, կարևորն այն է, որ հայ զինվորն իր առջև դրված գլխավոր խնդիրը կատարել է՝ կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը:
«Փառք մեր զինվորին, փառք մեր բանակին, որ կարողացավ նման հզոր հարձակումը, ի նկատի ունեմ և՛ սպառազինությունը, և՛ քանակը, հենց տեղում կասեցնել ու խեղդել: Ամբողջ աշխարհում Ադրբեջանն էսօր գլուխը կախ պիտի ման գա, որ իր պլանները ձախողվեցին ու չկարողացավ իրականացնել»,- ասաց Գասպարյանը:
Նա չի կարծում, թե տարածքների կորուստի համար որևէ մեկը պետք է պատասխան տա, ասում է՝ պատերազմ է, և մեղավորներ փնտրել պետք չէ: «800 հեկտարը դա մի գյուղի կես չափն ա, ազատագրված է 7 շրջան, Ղարաբաղի հետ միասին: Փաստը փաստ ա, որ էսօր, ասենք՝ մի քանի դիրք գտնվում է իրանց ձեռքում: Դա էլ իմ կարծիքով ժամանակավոր ա»: