Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց 3-րդ ընթերցմամբ

Խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը․ փաստաթղթում այդպես էլ տեղ չգան ընդդիմադիրների հիմնական պահանջները:

Նախագծի հեղինակներից՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց՝ պատգամավորների սեղանին դրված տարբերակում միայն խմբագրական փոփոխություններ են արվել:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց՝ եթե ապագայում այնուամենայնիվ լինի կոնսենսուս, ինչպե՞ս է իշխող Հանրապետականը պատկերացնում դրա իրագործումը, իրենց պահանջած փոփոխությունները ե՞րբ են կյանքի կոչվելու․ - «Մինչև հիմա խոսք էր գնում այն մասին, որ եթե այդ կոնսենսուսը ձեռք բերվի, դրան կհետևի արտահերթ նիստ կամ նստաշրջան, որով այդ փոփոխությունները կմտցվեն Ընտրական օրենսգրքի մեջ: Հիմա ակնհայտ է, որ այս արտահերթ նիստում հնարավոր չի լինի, զուտ ժամանակային առումով, այդ հարցը լուծել և հասնել գործընթացի ավարտին»:

«Իսկապես՝ ինչքան լայն կոնսենսուս, այդքան ավելի լավ, այդքան ավելի վստահելի կլինի Ընտրական օրենսգիրքը: Եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել փոխադարձ ընդունելի այնպիսի մեխանիզմներ, որոնք է՛լ ավելի կուժեղացնեն Ընտրական օրենսգիրքը, որոնք կլինեն իրատեսական, մենք իսկապես պատրաստ կլինենք հրավիրելու նաև արտահերթ նստաշրջան», - պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Միաժամանակ, սակայն, Հարությունյանն արդեն իսկ հայտարարել է, որ 4+4+4 ձևաչափում ընդդիմության և քաղհասարակության ներկայացրած հինգ պահանջներից առնվազն երեքն անընդունելի են, այդ թվում՝ քվեարկության ավարտին մասնակիցների ցուցակների հրապարակումը, մատների թանաքոտումն ու տարածքային և վարկանիշային ցուցակների բացառումը:

Իշխանությունները դեմ չեն տեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, բայց եթե դա չլինի պետության պատասխանատվությամբ ու ֆինանսական միջոցներով: Այդուհանդերձ, կոնսենսուսի դեպքում պատրաստ են ընդառաջել ու քննարկել հինգերորդ՝ Վրաստանի օրինակով ցուցակների մաքրման պահանջը:

Լևոն Զուրաբյանը բացատրեց՝ ինչու են դեմ. - «Ընտրական օրենսգիրքը կամ նրա նախագիծը, այս վիճակում որ դրվում է քվեարկության, չի լուծում որևէ հարց՝ կապված ԵԱՀԿ-ի առաջարկությունների կատարման հետ, չի լուծվում որևէ հարց՝ կապված հանրության կողմից և քաղաքական ուժերի բարձրացրած հարցերի շուրջ»:

Մինչդեռ Դավիթ Հարությունյանը կարծում է՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները հիմնականում տեղ են գտել փաստաթղթում:

Հրանտ Բագրատյանը տարակուսած էր․ - «Կարևորագույն հարցեր էինք դրել, որոնք հաշվի չեն առնվել, մեծ ռիսկի տակ եք վերցնում, փորձելով ձևավորել 2/3-ի մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, հետո ինքներդ փոշմանելու եք, որ ընդդիմությանը այդքան նեղացնում եք: Մենք էլ քվեարկելու ենք դեմ՝ առանց ըմբռնման»:

Բայց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կողմ քվեարկեց, ընդդիմադիրներից փաստաթղթին կողմ էին նաև Ալեքսանդր Արզումանյանն ու Ռուբիկ Հակոբյանը:

Ընտրական նոր օրենսգրքին դեմ քվեարկած 17 պատգամավորների շարքում էին Կոնգրեսի, «Ժառանգության» և «Օրինաց երկրի» ներկայացուցիչները, խմբակցություններում չընդգրկված Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, ինչպես նաև Վարդան Օսկանյանի կուսակցությանը միացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Իսկ իրենք՝ ԲՀԿ-ականները կողմ էին՝ բացառությամբ երեք ձեռնպահի, որոնցից մեկը կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն էր: