Այսօր մի քանի ժամից Ազգային ժողովը արտահերթ նիստում կսկսի նոր Ընտրական օրենսգրքի նախագծի երրորդ ընթերցումը:
Քննարկման նախօրեին նախագծի հեղինակներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ կոնսենսուս ընդդիմադիրների հետ դեռ չկա, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։
«Կոնսենսուսը, ցավոք սրտի, դեռևս չի կայացել, սակայն ամենևին չի նշանակում, որ ճանապարհները բոլորն արդեն փակ են և որևէ քննարկման տեղ չունենք։ Ես կարծում եմ՝ մեր քննարկումները դեռ շարունակվելու են», - ասաց Հարությունյանը։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին օրերս տարածած հայտարարության մեջ կոչ էին անում շարունակել քննարկումները նոր Ընտրական օրենսգրքի շուրջ և փոխհամաձայնության գալ՝ հնարավորինս լայն կոնսենսուս ապահովելու համար:
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե այնուամենայնիվ կոնսենսուս չստացվի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Ինչքան էլ մենք չասենք կոնսենսուս, կոնսենսուսը միշտ ունի որոշակի սահման։ 98 ձայնով ընդունված Ընտրական օրենսգիրքը՝ սա արդեն խոսում է որոշակի լայն կոնսենսուսի մասին։ Կուզենայինք, որ այդ կոնսենսուսը լիներ ավելի լայն, միանշանակ։ Այսինքն՝ 98-ից մինչև 131 թիվը յուրաքանչյուր ավելացումը դա օգտակար է Ընտրական օրենսգրքի նկատմամբ վստահության բարձրացման առումով», - ասաց նախարարը։
ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն էին հայտնում Ընտրական օրենսգրքի նախագծի այն դրույթների առնչությամբ, որոնք արգելում են երեքից ավելի կուսակցություններից կազմված կոալիցիաներին կառավարություն կազմել ընտրությունների առաջին փուլում։ Դավիթ Հարությունյանն ասաց՝ այդ դրույթը չեն փոփոխի։
«Մենք համարում ենք, որ այն չպետք է վերանայվի, և մեր պատասխանը հիմնականում պայմանավորված է հետևյալ հանգամանքով, որ եթե լինեն ուժեր երեքից ավել, որոնք պատրաստ են միավորվելու և ունեն խորհրդարանում մեծամասնություն, ապա ճիշտ կլինի, որ այդ ուժերն այնուամենայնիվ հայցեն հանրության վստահության քվեն, այսինքն, պարզ է` եթե իրենք ունեն 50 տոկոս +1 ձայն, ապա առանց իրենց մասնակցության որևէ մեկը չի կարող իշխանություն ձևավորել, ուրեմն իրենք կարող են հանգիստ գնալ երկրորդ փուլ, ավտոմատ կերպով, միավորվել ոչ թե երեք, այլ 5, 7, կամ 17, էական չէ, այդքան քաղաքական ուժեր և հայցել հանրությունից վստահության քվե», - ասաց Հարությունյանը։
Դիտարկմանը, որ երկրորդ ընթերցումից հետո սովորաբար խմբագրական փոփոխություններ են անում, և հարցին, թե կարելի՞ է ասել, որ երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենսգիրքը նոր Ընտրական օրենսգիրքն է, Հարությունյանը պատասխանեց. - «Կարելի է ասել՝ այո, խմբագրական է, բայց խմբագրականը, իհարկե, նկատի չունենք ստորակետ ու տառ փոխելը, որոշ դեպքերում մասերով են տեղափոխվել, որոշ դեպքերում ձևակերպումը չփոխելով՝ խնդրի էությունն ավելի պարզեցվել է, որ ավելի ընկալելի լինի։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ դա է»։